ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ տրամաբանական և ժամանակին որակեց հանրապետության Սահմանադրության վրա աշխատանքները սկսելու առաջարկը։
«Մենք գիտենք Սահմանադրության վրա աշխատանքները սկսելու ձեր առաջարկի մասին։ Կարծում եմ, որ դա տրամաբանական է, ժամանակին և նպատակահարմար», – ասել է Պուտինը։
Լուկաշենկոյի հետ հանդիպման ընթացքում Պուտինը հայտարարել է, որ բելառուսներն անձամբ, առանց դրսից հուշելու, պետք է գլուխ հանեն երկրում ստեղծված իրավիճակից։
«Ռուսաստանը հավատարիմ է մնում Բելառուսի հետ բոլոր պայմանավորվածություններին, այդ թվում ՀԱՊԿ–ի և Միասնական պետության վերաբերյալ», – ընդգծել է Պուտինը։
Ըստ նրա` պայմանավորվածություն է ձեռք բերվել Մինսկին 1,5 մլրդ դոլար վարկ տրամադրելու մասին, հարցով զբաղվում են երկու երկրների ֆինանսների նախարարությունները։
Բացի այդ, Պուտինն ընդգծել է, որ Բելառուսն առաջին երկիրը կլինի, որը կստանա COVID-19–ի դեմ ռուսական պատվաստանյութը։
Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Պուտինին հանրապետությունում տեղի ունեցած ընտրություններից հետո աջակցելու համար և նշել. «Բելառուսի իրադարձությունները շատ լուրջ դաս են, որը և՛ Մոսկվան, և՛ Մինսկը հաղթահարեցին»։
Կարելի է ասել` խոստովանական էր. Սիմոնյանն ու Բաբայանը` Լուկաշենկոյի հետ հարցազրույցի մասին
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք հեռախոսազրույցներ էր ունեցել եվրոպական քաղաքական գործիչների հետ Բելառուսում տիրող իրադարձությունների հետ կապված։ ՌԴ առաջնորդին զանգահարել էին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ինչպես նաև Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Մինսկում բողոքի տրամադրությունները չեն հանդարտվում։ Ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներն ամբողջ Բելառուսում սկսվել են օգոստոսի 9-ին՝ նախագահական ընտրություններից հետո, որոնցում հաղթել է Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն․ԿԸՀ-ի տվյալներով` նա հավաքել է ձայների 80,1 տոկոսը:
«Գուցեև մի քիչ երկար մնացի»․ Լուկաշենկոն պատմել է, թե ինչ է կատարվում Բելառուսում
Օգոստոսի 16-ին Բելառուսում անցկացվեցին երկրի ժամանակակից պատմության մեջ ամենալայնածավալ բողոքի ակցիաները։
Պաշտոնական տվյալներով` առաջին օրերի ընթացքում ավելի քան 6.7 հազար մարդ էր ձերբակալվել։ Բելառուսի ՆԳՆ–ի հաղորդմամբ` անկարգությունների ընթացքում հարյուրավոր մարդիկ են տուժել, այդ թվում ավելի քան 120 իրավապահ մարմինների աշխատակից։ Բելառուսի իշխանությունների տվյալներով` մահացել է ակցիայի 3 մասնակից։