Հայկ Բաբուխանյանի դիտարկմամբ` Բելառուսում հետընտրական ճգնաժամը կարծես թե հաղթահարված է, և նրանք, ովքեր ցանկանում էին «նարնջագույն հեղափոխություն» իրականացնել նաև Բելառուսում, արդեն իսկ տապալվել են, թեև ձգտում էին մինչ այդ նույնպես որոշ փորձեր անել։ Ըստ նրա` մյուս կողմից Լուկաշենկոն հասկացավ, որ երկու լարի վրա խաղալը միշտ վտանգավոր է, ինչը բերում է նրան, որ նարնջագույն, գլոբալիստական ուժերն ու ուղղությունները նման պայմաններում ձգտում են իրավիճակը վերցնել իրենց հսկողության տակ։
«Ակնհայտ է, որ Լուկաշենկոյի ելույթներում շեշտադրումները ենթարկվել են որոշակի փոփոխության, այսօր ավելի շատ է խոսում Ռուսաստանի հետ միասնական պետության մասին, և այն մասին, որ եվրոպական ու ամերիկյան որոշ կենտրոններ փորձում էին իրականացնել հեղաշրջում։ Մեծ ուշադրություն է դարձնում նաև Ուկրաինայից եկող ազդակների ու վտանգի վրա, որտեղից գալիս են Բելուռուսի համար հակապետական գործողություններ իրականացնող անձինք»,– նշում է ՍԻՄ նախագահը։
Հայկ Բաբուխանյանի կարծիքով` Բելառուսի դեմ փորձ արվեց իրագործել նախապես մշակված ծրագիր, որը նմանատիպ դեպքերում, լինի Հայաստանը, Վրաստանը, Ուկրաինան, թե արաբական երկրները, իսկույն դրվում է ընթացքի մեջ։ Ըստ այդմ` ծրագրերը նույնանման են, թեև որոշ դեպքերում ունենում են առանձնահատկություններ և դրանցով պայմանավորված յուրահատուկ զարգացումներ։
«Մեր օրերում «նարնջագույն հեղափոխության» տեխնոլոգիաները նույնպես զարգանում են։ Օրինակ` Բելառուսում չկար շատ ընդգծված ընդդիմադիր լիդեր, սակայն դրա փոխարեն կային զանգվածային ցույցերի տեղակայման տարբեր ուղղություններ, որոնք ուղղորդվում էին արտասահմանից, ինչը նորություն էր Բելառուսի զարգացումների պարագայում»,– նշում է ԱԺ նախկին պատգամավորը։
Հայկ Բաբուխանյանի գնահատմամբ` մարտավարությունը կիրառվում էր այնպես, որ հարվածի ուղղությունները ցրված լինեին, և իշխանությունների, ուժային կառույցների համար պարզ չլիներ, թե որտեղ է ազդեցության կենտրոնը։
Հիշեցնենք` օգոստոսի 9-ին Բելառուսում նախագահական ընտրություններ են անցկացվել։ Պաշտոնական տվյալներով՝ ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրա օգտին է քվեարկել ընտրողների 80,23 տոկոսը, Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայի օգտին` 9,90 տոկոսը: Տիխանովսկայան այժմ Լիտվայում է։
«Խա՞ղ է»․ ինչու են արգելափակվել Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցները
Օգոստոսի 16-ին երկրում տեղի են ունեցել Բելառուսի ժամանակակից պատմության մեջ ամենախոշոր բողոքի ցույցերը:
Պաշտոնական տվյալներով՝ առաջին օրերին ավելի քան 6,7 հազար մարդ է ձերբակալվել։ Ինչպես հաղորդել է հանրապետության ՆԳՆ-ն, անկարգությունների ընթացքում տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ իրավապահ մարմինների ավելի քան 120 աշխատակից: Բելառուսի իշխանությունների տվյալներով՝ մահացել է բողոքի ակցիայի երեք մասնակից։