ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ 56 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ԶՈՒ պահեստազորի գնդապետ Սասուն Հունանյանը:
«ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում գնդապետ Ս. Հունանյանի հարազատներին, մարտական ու զինակից ընկերներին»,–նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։
Գնդապետ Սասուն Հունանյանը ծնվել է 1964-ի օգոստոսի 15-ին։ Նա 1992թ.–ին ընդունվել է զինվորական ծառայության ՀՀ ԶՈՒ շարքերում և նշանակվել առանձին գումարտակի դասակի հրամանատար: Ծառայության առաջին իսկ օրվանից մասնակցել է ՀՀ և Արցախի պաշտպանական մարտերին:
1993թ. նշանակվել է առանձին գումարտակի վաշտի հրամանատար: 1994թ. նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնին:
Հունանյանը 2000թ. ավարտել է ՌԴ ՊՆ ռազմական ակադեմիան: Այնուհետև եղել է N զորամասի բաժանմունքի պետ, հրամանատարի տեղակալ:
2014–ին նա արձակվել է ՀՀ ԶՈՒ պահեստազոր երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունքով:
Սասուն Հունանյանը պարգևատրվել է «Արիության», «Մարտական ծառայության» «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի, «Վազգեն Սարգսյան», «Գարեգին Նժդեհ», «Դրաստամատ Կանայան» և «ՀՀ ԶՈՒ 20 տարի» մեդալներով, կրծքանշաններով: