ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի -Sputnik. Վաղը կայանալիք Հայաստան-Էստոնիա Ազգերի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղից առաջ մեր հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը դեռևս չի կողմնորոշվել մեկնարկային կազմի ընտրության հարցում: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում նախախաղային ասուլիսի ժամանակ գլխավոր մարզիչն ասաց, որ կազմն ընտրելու ժամանակ դեռ կա, առջևում դեռ 24 ժամ ունենք։
«Ես հպարտ եմ, որ հնարավորություն ունեմ գլխավորելու Հայաստանի հավաքականը: Մենք թիմում աստիճանաբար սերնդափոխություն պետք է իրականացնենք։ Հավաքականի կազմ նոր խաղացողներ ընդգրկելով` կկարողանանք բարելավել և՛ թիմի խաղը, և՛ արդյունքները»,- ասեց Կապառոսը:
Խոսելով Հենրիխ Մխիթարյանի բացակայության մասին` Կապառոսն ընդգծեց, որ ոչ մի կոնֆլիկտ էլ Հենրիխի ու իր կամ հավաքականի միջև չկա: «Մեր առաջատարը պատրաստ կլինի հոկտեմբերին կայանալիք խաղերին, և իհարկե, չեմ էլ կասկածում, որ Մխիթարյանը մեծ օգուտ կբերի մեր ընտրանուն»,- նշեց իսպանացի մասնագետը:
Իր հերթին թիմի հարձակվող Արշակ Կորյանը ընդգծեց, որ Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում մեր ընտրանուն խանգարեց խաղակցվածության պակասը. «Հինգ նորեկների ներկայությունը մեկնարկային կազմում խանգարեց ավելի արդյունավետ գործելուն», -ասեց Կորյանը:
Վերջում Խոակին Կապառոսը ընդգծեց, որ մեր խմբում ռեալ ֆավորիտներ չկան, բոլոր թիմերն էլ ունեն նույն խաղամակարդակը: «Հաղթանակի կարող է հասնել յուրաքանչյուրը: Պետք է աշխատենք զերծ մնալ սխալներից, որոնք նման իրավիճակում բախտորոշ կամ վճռական ազդեցություն կունենան խաղերի արդյունքի վրա»,- ասեց Կապառոսը:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նորեկները հայերեն են խոսում. տեսանյութ
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական » մարզադաշտում Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում Հայաստանի հավաքականը մրցելու է Էստոնիայի ընտրանու հետ: Առաջին տուրում երկու թիմերն էլ պարտվել են համապատասխանաբար Հյուսիսային Մակեդոնիայի և Վրաստանի հավաքականներին: