ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը Facebook–ի իր էջում տեղեկացնում է, որ հաշվի առնելով Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի դրական դինամիկան, սեպտեմբերի 4-ից Ուկրաինայի առողջապահության նախարարությունն առաջին անգամ Հայաստանը դասել է այսպես կոչված «կանաչ» երկրների կատեգորիային։
Ռուսների հետ կբանակցենք, վրացիների հետ չենք կարող. Ալեն Սիմոնյանը` ՌԴ մեկնել ցանկացողներին
«Սա նշանակում է, որ Հայաստանից Ուկրաինա ժամանող ուղևորները (նրանք, ովքեր ըստ Ուկրաինայի նախարարների կաբինետի օգոստոսի 26-ի որոշման` իրավունք ունեն մուտք գործելու երկիր) այլևս կարիք չունեն ինքնամեկուսանալու կամ COVID-19-ի ՊՇՌ թեստ անցնելու։ Սա, իհարկե, այն պայմանով, որ վերջին 14 օրվա ընթացքում եղել են ՀՀ-ում կամ կանաչ գոտու այլ երկրում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ, ուժի մեջ է մնում COVID-19-ը ծածկող ապահովագրություն ունենալու պարտադիր պահանջը։
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարության օգոստոսի 12-ի արտահերթ նիստում կայացված որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են օդային ճանապարհով մուտք գործել Հայաստան։ Օտարերկրյա քաղաքացիների համար վերացվել է ՀՀ սահմանային անցման կետերում մուտքի վիզա ստանալու հնարավորությունը:
Օտարերկրյա քաղաքացիները ՀՀ մուտքի արտոնագիր կարող են ստանալ միայն արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում (դեսպանություն, հյուպատոսություն, հյուպատոսական կետ) կամ e-visa էլեկտրոնային համակարգով։
Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։
Ինչ կտա «կանաչ միջանցքը» հայկական բեռնատարներին. «Վերին Լարսի» հերթերը կմնա՞ն անցյալում