ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Երևան քաղաքի Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի Բաբաջանյան փողոցի թիվ 1/9 շենքի 7-րդ հարկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` ահազանգն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են սեպտեմբերի 6-ին, ժամը 20:10-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
«Պարզվել է, որ Երևան քաղաքի Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 1/9 շենքի բնակարաններից մեկում երեք կիլոգրամանոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ Բնակիչ Հայկանուշ Ե․-ն (ծնված 1960 թ․) ձեռքերի և գլխի շրջանում ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ։ Փրկարարները Հայկանուշ Ե․-ին մոտեցրել են շտապօգության ավտոմեքենային։ Նա հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն»,–նշված է հաղորդագրության մեջ։
Պայթյուն և փլատակներ. Երևանի Ռայնիսի փողոցը դեպքից հետո. լուսանկարներ
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և դուրս բերել այն բնակարանից։ Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Ջերմահարվել է միջանցքի պատը (3 քմ)։
Խոշոր հրդեհ Երևանի էլեկտրոնիկայի խանութներից մեկում. դեպքի վայրում է նաև նախարար Ցոլակյանը