ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը միայն ուրախ կլինի, եթե «Բարգավաճ Հայաստանը» գնա մինչև վերջ, ինչպես խոստանում է կուսակցության ղեկավարը։ Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց` անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ մեծ հանրահավաք անցկացնելու, ինչպես նաև ԲՀԿ–ականների`«մինչև վերջ գնալու» հայտարարություններին։
«Կարո՞ղ եմ իմանալ` իսկ ուր են գնալու մինչև վերջ։ Թող մինչև վերջ գնան` ես միայն ուրախ կլինեմ։ Մենք էլ, ի վերջո, կտեսնենք` ինչ է կատարվում քաղաքական դաշտում, և քաղաքական դաշտի բյուրեղացում տեղի կունենա»,–ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով` քաղաքական դաշտում մինչև վերջ չգնալու այլընտրանք որևէ մեկն այսօր չունի, քանի որ իշխանությունը սակարկումների չի գնում և չի գնալու։ Ուստի, ըստ Սիմոնյանի, շահարկումները, թե «մեզ կանգնեցնել չի լինի և այլն», տեղին չեն, քանի որ որևէ մեկին չեն էլ ուզում կանգնեցնել։
Գումար բաժանելը ճիշտ չէ. Խաչատրյանը Ծառուկյանի առաջարկն իրատեսական չի համարում
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն օգոստոսի 28-ին հայտարարել էր` խորհրդարանի առաջիկա նստաշրջանին ընդառաջ հանդիպումների շարք է սկսել կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ։ Նա հայտնել էր նաև մեծ հանրահավաք անցկացնելու մասին։
ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։