ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Այս տարի ԵՊՀ–ում էականորեն նվազել են տարբեր ֆակուլտետներին հատկացված տեղերը։ Նախորդ տարվա համեմատ դրանք պակասել են 512-ով։ Որքան էլ զարմանալի թվա, առյուծի բաժինը հասել է տնտեսագիտական ֆակուլտետին` 52 տեղ քիչ է հատկացվել։ Դրան հաջորդում են հայոց լեզու և գրականություն, ինչպես նաև անգլերեն լեզու, գերմաներեն լեզու և հաղորդակցություն ֆակուլտետները` 50-ական տեղեր կրճատվելով։ Օրեր առաջ ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանն իր ասուլիսի ժամանակ, ընդունելության տեղերի կրճատման մասին խոսելով, նշել էր, որ նախաձեռնվել է իրատեսական պլանավորում, որպեսզի լինի որակյալ ընդունելություն։
Հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս Նարինե Դիլբարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ իր համոզմամբ` շատ անըմբռնելի բացատրություն է կրճատել տեղերը, որպեսզի որակը բարձրացնեն. տեղերի կրճատումը բնավ որակի հետ կապված չէ։
«Այս տարի բավականին շատ դիմորդներ ունեինք, և եղան ուսանողներ, որոնք 14 միավորով ուղղակի դուրս մնացին։ Արդյունքում մենք ընդամենը 73 ուսանող ունենք հիմա, և սա այն դեպքում, որ շուկայում բանասերների անհրաժեշտությունը պահանջարկված է»,–ասաց Դիլբարյանը։
Նա նշեց, որ այսօր պետական, առևտրային հիմնարկների գրագրության, գովազդային պաստառների լեզվի մասին բողոքները շատ են, և որակի բարձրացման կարիք կա։ Դիլբարյանի խոսքով` տեղերի կրճատումը բանասիրության բաժնին բավական վնաս է հասցրել։ Հարցն այն է, որ գրաբարագետների պակաս կա, քանի որ հիմա մեծամասամբ ավագ սերունդն է տիրապետում գրաբարին, տեքստեր թարգմանում։ Բացի այդ, տեղերի կրճատմամբ, տուժեցին նաև դասախոսները, որովհետև շատերի դրույքը չլրացավ։
Մասնագետը վստահեցնում է, որ ԵՊՀ դասախոսների հետ չի քննարկվել ֆակուլտետներում տեղերի կրճատման հարցը։ Եվ որ իրենց համար անհասկանալի են ինչպես տեղերի կրճատումը, այնպես էլ այս` կորոնավիրուսային իրավիճակում ուսման վարձերի բարձրացումը։
«Փոքր համալսարան` փոքր հոգսեր. կարծում եմ` առաջնորդվել են այս սկզբունքով, քանի որ այդպես ավելի հեշտ է»,–ասաց Դիլբարյանը։
ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս Վարդան Բոստանջյանն էլ է կարծում, որ տեղերի կրճատումն արդարացված չէ։
Ես չեմ առաջադրվել, չեմ էլ առաջադրվի. ինչու Գևորգյանը իրեն չի տեսնում ԵՊՀ ռեկտորի պաշտոնում
«Շուկան ակնհայտորեն տնտեսագետների կարիք ունի։ Սակայն որակով տնտեսագիտական դպրոց անցնելը շատ կարևոր է, հատկապես այս պահին, երբ մենք շուկայական հարաբերությունների ձևավորման նոր փուլ ենք հասել։ Խնդրի նման լուծումը` տեղերի կրճատումը, տարբերակ չէ»,–ասաց Բոստանջյանը։
Նրա խոսքով` կրթության որակը դեռ շարունակում է խոցելի մակարդակում լինել։ Երիտասարդների որոշ զանգված լուրջ չի վերաբերվում ուսմանը, ինչն էլ բացասական ազդեցություն է թողնում մյուսների վրա։ Բացի այդ, Բոստանջյանը կարծում է, որ պրոֆեսորադասախոսական կազմի ֆինանսավորման խնդիրները լուծելու ճանապարհ է պետք, որպեսզի որակյալ կադրեր հրավիրեն բուհ։ Նա ասում է` կրթության որակը կբարձրանա, եթե ոչ թե ֆակուլտետներում առկա տեղերը կրճատեն, այլ ընթացքում «մաղեն» ուսանողներին և վատ սովորողներին դուրս թողնեն բուհից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք` Երևանի պետական համալսարանում ուսման վարձերը թանկացել են։ Մի շարք ֆակուլտետներում, ի տարբերություն նախորդ տարվա, ուսման վարձերը զգալի են թանկացել, օրինակ` «Տեղեկատվական անվտանգություն», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետների ուսման վարձերը 160 000 դրամով են բարձրացել։ Այժմ երկու ֆակուլտետների ուսման վարձն էլ 700 000 դրամ է` նախկին 540 000-ի փոխարեն։