ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն ու Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կարգավորել են Հարավկովկասյան երկաթուղու գործունեության հետ կապված տարաձայնությունները:
Այսօր համապատասխան արձանագրություն են ստորագրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը և Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարար, երկաթուղային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Վլադիմիր Տոկարևը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը:
«Փաստաթղթում ամրագրված է, որ Ռուսաստանի և Հայաստանի պրոֆիլային նախարարություններն ընդունել են ընկերության գործունեության անկախ աուդիտորական ստուգումների արդյունքները։ Ստուգվել է 2008թ–ին կնքված կոնցեսիոն պայմանագրի գործողության ողջ ընթացքը: Հաստատվել է նաև ՀԿԵ-ի կողմից իր ներդրումային պարտավորությունների ամբողջական կատարումը և կողմերի պահանջների բացակայությունը», - ասված է հաղորդագրության մեջ:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ–ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
Լավրովը հուսով է` Ռուսաստանն ու Հայաստանը կկարողանան կարգավորել ՀԿԵ–ի հարցը