ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքար ի այն հայտարարությանը, որ Թուրքիան ԼՂ հակամարտության կողմ է, պատասխանեց` Հայաստանը Թուրքիային չի դիտարկում որպես միջնորդ։
«Թուրքիան իր պահվածքով ցանկանում է իրեն դրսևորել որպես հակամարտության կողմ։ Սա Թուրքիայի ապակայունացնող քաղաքականության հերթական դրսևորումն է։ Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը շրջափակման ենթարկող երկիրը, երկիր, որը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, փորձում է հանդես գալ որպես տուժած կողմ»,–ասաց Նաղդալյանը։
Նրա խոսքով` Հայաստանը Թուրքիայի հանդեպ քաղաքականությունն իրականացնում է` հիմնվելով այն գնահատականի վրա, ըստ որի` Թուրքիան միջնորդ կողմ չէ այդ հարցում։
ԱԳՆ խոսնակը շեշտեց` ԼՂ հիմնախնդրի կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է։
Նշենք, որ Մինսկի խմբի կազմում ներառված են Թուրքիան, Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Ֆինլանդիան և Շվեդիան, ինչպես նաև Բաքուն ու Երևանը: Խմբի համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն։
Հիշեցնենք, որ հուլիսյան մարտական գործողությունների ժամանակ էլ Թուրքիան հայտարարել էր, որ աջակցում է Ադրբեջանին:
Ավելին, թուրք–ադրբեջանական ռազմական համագործակցության շրջանակում հուլիսին 29–ից օգոստոսի 10-ը, անցկացվեցին համատեղ պլանային զորավարժություններ, այդ թվում նաև` Հայաստանի հետ սահմանին։
ՀՀ ԱԳՆ–ն հուլիսի 29-ին հանդես եկավ հայտարարությամբ` ասելով, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական առաքելությունը շրջանառել է հայտագիր՝ ի գիտություն ԵԱՀԿ մասնակից պետություններին և ԵՍԶՈՒ պայմանագրի (Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի) անդամ երկրներին` տեղեկացնելով, որ Հայաստանը այսուհետ կասեցնում է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը Հայաստանի տարածքում անցկացվելիք տեսչական այցերին։