ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվայում կյանքի 77-րդ տարում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բորիս Կլյուևը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Փոքր թատրոնի մամուլի ծառայությանը։
«Բորիս Վլադիմիրովիչը մահացել է երկարատև հիվանդությունից հետո», – հայտնել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ հուղարկավորության և հրաժեշտի օրն ու ժամը հայտնի կլինեն ավելի ուշ։
Կլյուևը ծնվել է 1944 թվականի հուլիսի 13-ին Մոսկվայում։ 4 տարեկանում կորցրել է հորը։ Ընտանիքում նյութական ծանր դրության պատճառով Բորիսը ստիպված էր վաղ տարիքում սկսել գումար վաստակել. 13 տարեկանից վագոններ էր բեռնաթափում, 16-ից` աշխատում շինարարությունում։
Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել էր Շչեպկինի անվան թատերական ուսումնարան։ Ավարտելով առաջին կուրսը` մեկնել է ծառայության։ Ծառայության ընթացքում մասնակցել է Սերգեյ Բոնդարչուկի «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմի նկարահանման զանգվածային տեսարաններին։
Պետական ակադեմիական Փոքր թատրոնի առաջատար դերասաններից մեկն էր։ Եղել է Շչեպկինի անվան ինստիտուտի երկու կուրսերի գեղարվեստական ղեկավար, դերասանի վարպետության ամբիոնի վարիչ։ Ռուսաստանի կինոդերասանների գիլդիայի վարչության անդամ էր։