Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի խոսքով՝ սուբվենցիոն ծրագրերի միջոցով ամեն տարի համայնքների համար ձեռք են բերում հակակարկտային կայաններ։ Վերջին երկու տարում նման կայաններ են տեղադրվել Գյուլաքար և Լոռի–Բերդ համայնքներում: Մարզպետի տեղեկացմամբ` հակակարկտային կայանները միացվում են համակարգին, որը ղեկավարվում է Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան կենտրոնից, և այն տարածքներում, որտեղ տեղադրվել են կայանները, այդտեղ սովորաբար խնդիրներ չեն առաջացել։
«Մարզպետարանը չունի բյուջեով հաստատված այնքան միջոցներ, որ օգնի կարկուտից տուժած բոլոր համայնքների բնակիչներին։ Կարգն այսպիսին է՝ մենք սովորաբար համայնքներից ստանում ենք վնասի չափին առնչվող արձանագրությունները, ինչից հետո մարզպետարանի համապատասխան հանձնաժողովը գնում և տեղում գնահատում է իրավիճակը, այնուհետև իր եզրակացությունն է ուղարկում ԱԻՆ և կառավարություն, որտեղ տարվա կտրվածքով որոշվում է փոխհատուցման չափը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց մարզպետը։
Կառավարությունը լուծարեց Տիգրան Սարգսյանի ստեղծած ընկերությունը. վարկը մնաց բյուջեի վրա
Ըստ նրա` վնասներն հաշվարկվում են ըստ հողի մակերեսի և մշակաբույսերի, ուստի այս տարվա վերջում միայն պարզ կլինի փոխհատուցումների ամբողջ ծավալը։ Ղուկասյանը հայտնեց, որ ներկայում հակակարկտային կայաններ կան Լոռու մարզի միայն 60 համայնքներում՝ նախկին 39-ի փոխարեն: Գործընթացը շարունակվում է, և մարզպետարանը նախատեսում է յուրաքանչյուր տարի գնել 7-8 հակակարկտային կայան, թեև մարզում հեկտարներով մշակաբույսեր կան, որոնք հնարավոր չէ պաշտպանել կարկուտից։
Հիշեցնենք՝ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը այսօր լուսանկարներ էր հրապարակել Լոռու մարզի Ջրաշեն գյուղում լուսադեմին տեղացած կարկուտից: Լուսանկարները դիտելիս այնպիսի տպավորություն է՝ ասես դաշտերում ձյան հաստ շերտ է նստած։