ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Հայաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից 6 մարդ է մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 84 (կին), 75 (տղամարդ), 85 (կին), 92 (կին), 82 (տղամարդ) և 51 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Տեղեկացվում է նաև, որ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 253 է:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 158 նոր դեպք և 217 առողջացած։
Նշենք, որ օգոստոսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42477 դեպք, որոնցից 35693-ն` առողջացած, 842-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5689 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 192199 թեստավորում:
Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։
Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։
Չիկագոյի բժիշկները կորոնավիրուսի նոր ախտանիշ են հայտնաբերել
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։
Օգոստոսի 12-ին ՀՀ կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև սեպտեմբերի 11-ը: Օգոստոսի 13-ից կարելի է դիմակ չդնել նաև անձնական մեքենաներում և բնության գրկում։

