ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Վրաստանի ազգային կոմունիկացիոն հանձնաժողովը կարող է վրացական «Caucasus Online» ինտերնետ-պրովայդերին ստիպել, որ վերադարձնի ադրբեջանցի գործարարին վաճառած 49 տոկոս բաժնետոմսերը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ազգային կոմունիկացիոն հանձնաժողովը: Սակայն Հայաստանը պետք է զգոն լինի և կարողանա դիվանագիտության միջոցով դառնալ այսպես կոչված կոնսորցիումի անդամ, որը կարգավորում է ընկերության գործունեությունը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տեղեկատվական անվտանգության և տեխնոլոգիաների ոլորտի փորձագետը, որը չցանկացավ հրապարակել իր անունը։
Երեկ հայտնի դարձավ, որ ազգային կոմունիկացիոն հանձնաժողովը 6-րդ անգամ տուգանել է «Caucasus Online»-ին և նույնիսկ սպառնացել պատժամիջոցներով:
Բանն այն է, որ ընկերությունը խախտել է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքը, որի համաձայն` 5 և ավելի տոկոս բաժնետոմսերի վաճառքի դեպքում պետք է տեղեկացնի կարգավորիչ մարմնին և գործողությունների վերաբերյալ համաձայնություն ստանա նրանից։
Հանձնաժողովի կայքում նշված է, որ ընկերության առաջին նախազգուշացումը եղել է 2019 թվականի հոկտեմբերին: «Caucasus Online»-ը պետք է խախտումները վերացներ մինչև նույն տարվա դեկտեմբերի 3-ը։ Ընկերությունը չի կատարել կարգավորիչի պահանջը: Այս անգամ նրան տուգանել են 270 հազար լարիով (մոտ 90 հազար դոլար)։ Ազգային հանձնաժողովը տոկոսները վերադարձնելու համար ընկերությանը մինչև սեպտեմբերի 20-ը ժամանակ է տվել։
Այդ պայմանները չկատարելու դեպքում կարգավորիչը մտադիր է պատժամիջոցներ կիրառել, օրինակ` նշանակել ժամանակավոր կառավարիչ, որը հոգ կտանի, որ հանձնաժողովի բոլոր պահանջները կատարվեն: Կարգավորիչի ներկայացուցիչն օժտված կլինի անսահմանափակ իրավունքներով։
Միաժամանակ հանձնաժողովը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում է, որ ընկերությունը տուգանվել է բաժնետոմսերի մի մասն առանց հանձնաժողովի գիտության վաճառելու համար, ինչը Վրաստանի գործող օրենսդրության խախտում է:
Ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա հանձնաժողովից նշում են, որ դա կոլեկտիվ մարմին է, և համապատասխան որոշում կկայացվի ապագայում: Եթե հանձնաժողովն այնուամենայնիվ լիազոր անձ նշանակի, ապա դա կարտացոլվի հանձնաժողովի որոշման մեջ։
Ի՞նչ կտա դա Հայաստանին
Հայ փորձագետի կարծիքով` նույնիսկ նման խիստ հայտարարությունների ֆոնին «Caucasus Online» ընկերությունը կարող է պարզապես պայմանավորվել կարգավորիչի հետ: Գործը չի հասնի դատարան, կնշանակվի ժամանակավոր կառավարիչ, որը ֆորմալ առումով կլուծի բոլոր հարցերը։ Իրականում ոչինչ չի կարող փոխվել։
«Ես չեմ կարծում, որ ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր։ Ամենայն հավանականությամբ, կարգավորիչը ժամանակավոր կառավարիչ կնշանակի, որի հսկողության տակ բաժնետոմսերը (խոսքը 49 տոկոսի մասին է) կվերադարձվեն», - ասել է փորձագետը։
Սակայն «Caucasus Online»-ը կարող է պայմանավորվել կարգավորիչի հետ և իր բաժնետոմսերը մեկ օր կամ մեկ շաբաթ անց կրկին վաճառել նույն մարդուն, բայց արդեն պաշտոնապես և օրենքի տառին համապատասխան:
Փորձագետը վստահ է` հակասությունները այս փոխզիջումային լուծմամբ էլ կավարտվեն։ Նրա խոսքով` խաղին պետք է միանա նաև Հայաստանը։ Հայկական կողմը պետք է աշխատի հանձնաժողովի, նախարարության և Վրաստանի կառավարության հետ, որպեսզի բաժնետոմսերը չվերավաճառվեն։
«Դրան կարող է խանգարել վրացական իշխանությունների ստեղծած կոնսորցիումը, որը կվերահսկի ընկերության գործողությունները։ Կոնսորցիումին պետք է միանա նաև հայկական կողմը», - ասաց նա։
«NewTelco Georgia» ընկերության տնօրեն Գեորգի Գոտոշիան էլ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այժմ դժվար է որևէ բան կանխատեսել։ Նա առաջարկում է սպասել կարգավորիչի սահմանած ժամկետին։
Ավելին, Գոտոշիան չի բացառում, որ հարցը կարող է լուծվել դատարանի միջոցով, քանի որ բոլոր կողմերը կպաշտպանեն իրենց իրավացիությունը։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա վստահաբար նշեց, որ այս ամբողջ իրավիճակը չի ազդի ինտերնետի որակի վրա և չի հանգեցնի ոլորտի կոլապսի:
Մի քիչ պատմություն
Մի քանի շաբաթ առաջ վրացական ԶԼՄ-ները գրեցին, որ «Caucasus Online» ընկերության մեծածախ ինտերնետի 49% բաժնետոմսերը վաճառվել են Ադրբեջանին։ Ավելին, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի տեղեկություններով` բաժնետոմսերը վաճառվել են 61 մլն դոլարով։
Նույն ԶԼՄ–ների տվյալներով` բաժնետոմսերը ձեռք է բերել Ադրբեջանի ղեկավարությանը մոտ կանգնած գործարար Նասիմ Հասանովը, որը նաև նավթային բիզնեսում խոշորագույն հոլդինգի` «NEQSOL» ընկերության սեփականատերն է։ Վրացական կողմի տեղեկություններով` ինտերնետ–ընկերության իր մասնաբաժինը վաճառել է Վրաստանի նախկին իշխանություններին մոտ կանգնած (խոսքը Միխեիլ Սաակաշվիլու կառավարման ժամանակաշրջանի մասին է – խմբ.) գործարար Խվիչա Մակացարիան։
Միաժամանակ գործարքի և «Caucasus Online»–ի վաճառքի մասին չեն տեղեկացրել կարգավորիչին` Վրաստանի հաղորդակցությունների գծով ազգային հանձնաժողովին, ինչը փաստացի խախտում է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքը, որի համաձայն` 5% և ավելի բաժնետոմսերի վաճառքի դեպքում կարգավորիչը պետք է տեղյակ լինի այդ մասին։
Ավելի վաղ «Caucasus Online»–ն արդեն տուգանվել էր «Երկաթուղու տելեկոմի» իր մասնաբաժնի վաճառքի ժամանակ թույլ տված խախտումների համար («Caucasus Online»–ն այդ ընկերությունը գնել էր 2010 թվականին, ինչը նրան թույլ էր տվել մտնել Հարավային Կովկասի տարածաշրջան, ինչպես նաև դուրս գալ Իրան և Իրաք)։
Տարբեր գնահատականների համաձայն` Վրաստանին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին ինտերնետ–տրաֆիկի շուրջ 80%–ը։ Բացի այդ, Հայաստանը ևս երկու մալուխ է օգտագործում դեպի Ռուսաստան. մեկը` ծովային, մյուսը` ցամաքային։ Տրաֆիկի մոտ 20%–ն էլ բաժին է ընկնում Իրան գնացող մալուխներին։
Ընդ որում` այստեղ հայկական օպերատորները հանդես են գալիս որպես տարանցողներ դեպի Իրան, Աֆղանստան, իսկ վերջերս` նաև Կատար։