ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Հայաստանում ջերմաստիճանի անկումը կշարունակվի։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Վաղվանից երկու օրով հոկտեմբերը գալիս է ու հետ գնա։ Չզարմանաք»,–գրել է Սուրենյանը։
Ինչպես միշտ նրա գրառմանը հետևորդները շատ բուռն ու հումորով են արձագանքել։
«Սեպտեմբեր էլ չէ, հոկտեմբե՞ր, հա՞»,«Կոնկրետ հոկտեմբերի քանի՞սն է գալիս, ծնունդս չանցնի հանկարծ», «Կարևորը հետադարձ տոմս ունի», «Էս 2020-ը մեզ լրիվ ձեռ է առնում»,–կատակել են հետևորդները։
ՀՀ ԱԻՆ տվյալներով`օգոստոսի 21-ի երեկոյան Հայաստանի հյուսիսային շրջաններում, 22-23-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 24-ին արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 21-ն աստիճանաբար կբարձրանա 4-5, 22-23-ը կնվազի 11-13 աստիճանով:
Երևանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +34-ից +36, երեկոյան՝ +28-ից +30 աստիճանի սահմանում: