ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Ապրիլյան պատերազմից առաջ տարածված լուրերը, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում համաձայնություն է ձեռք բերել տարածքներ հանձնելու մասին, կեղծ են։ Այս մասին պաշտոնաթողությունից հետո հրավիրված առաջին ասուլիսի ժամանակ հայտարարեց Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե ճի՞շտ էին տարածքներ հանձնելու մասին շրջանառվող լուրերը։
«Չի եղել այդպիսի բան և չի կարող լինել։ Ես երբևէ որևէ մեկի հետ պայմանավորվածություն, որը կարող է վնասել մեր ժողովրդին, կամ վտանգ լինել մեր հայրենիքի համար, չեմ կարող պայմանավորվել»,–ասաց Սարգսյանը։
Նա նշեց, որ ուղղակի ամոթ է նման լուրեր տարածելը, և բոլոր նրանք, ովքեր նման թեմաներ են շահարկում, կամ քաղաքական նպատակներ են հետապնդում, կամ էլ հակակրանք ունեն իր անձի հանդեպ։ Սարգսյանի խոսքով` տարածքներ հանձնելու մասին լուրերը մարդկանց նեղ շրջանակ է տարածում, և դրանք լայն տարածում չունեն։
Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի կորցրած դիրքերին, ապա Սերժ Սարգսյանը նշեց, որ շրջանառվող լուրերը, թե 20 դիրք են կորցրել, նույնպես իրականությանը չեն համապատասխանում։ Այսինքն` սխալ թիվ է հնչել։
Նա խոստացավ ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակվելուց հետո անդրադառնալ տարածքների վերաբերյալ ներկայացված թվերին։
Հիշեցնենք, որ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի` ապրիլի 16-ին կայացած նիստը, որին մասնակցում էր Սերժ Սարգսյանը, տևեց շուրջ 5 ժամ։ Նիստին Սարգսյանը մասնակցում էր մեկ պայմանով` տեսաձայնագրությունը պետք է տրամադրեն իրեն։ Սարգսյանն էլ իր հերթին պարտավորվել է նիստի ժամանակ հնչած հարցուպատասխանի մանրամասները չհայտնել մինչև 2050 թվականը: