ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ:
«Զորակցություն և ցավակցություն հայտնելով երեկվա պայթյունի ու զոհերի կապակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության օգնությունն առաջարկեցի Լիբանանի եղբայրական ժողովրդին»,- Facebook-ի իր պաշտոնական էջում հայտնում է Փաշինյանը:
Նրա խոսքով` Լիբանանի կառավարությունն այժմ կարիքների գնահատում է իրականացնում, և դրա արդյունքում ըստ անհրաժեշտության Հայաստանի կառավարությունը Լիբանանին օժանդակելու որոշումներ կկայացնի:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեյրութում տեղի ունեցած պայթյունի համար Լիբանանին ցավակցություն էր հայտնել երեկ ուշ երեկոյան:
Բեյրութի քաղաքապետն արտասվել է, երբ խոսել է պայթյունի զոհերի մասին. տեսանյութ
Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով ավելի քան 100 մարդ է մահացել, ավելի քան 4 հազարը` տուժել: Մահացածների թվում նաև 6 հայ կա, ևս հարյուր հայեր վնասվածքներ են ստացել։
Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը կարգադրել է հետաքննել պայթյունի պատճառներն ու 48 ժամվա ընթացքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։
Բեյրութում սուգ է հայտարարվել:
Արմեն Սարգսյանը խոսել է Արամ Ա–ի հետ ու աջակցելու պատրաստակամություն հայտնել