ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, որը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, անհիմն է համարում իր հասցեին ուղղված մեղադրանքները: Այդ մասին նա այսօր հայտնեց դատարանում` հերթական նիստի ժամանակ։
Խաչատուրովի գործի շրջանակում որպես մեղադրյալ ներգրավված են նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Բոլորը, բացի Գևորգյանից, մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ։
Խաչատուրովի խոսքով ՝ երբ մեղադրանք էին ներկայացնում, ինքը քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանին հետաքրքրվել է, թե ինչ հիմքով են իրեն մեղադրում սահմանադրական կարգը տապալելու մեջ։
Դատարանը հրաժարվեց վերացնել Քոչարյանի ու Գևորգյանի հաշիվների վրա դրված կալանքը
«Ես ասացի՝ երբ դու ինչ-որ մեկի հետ համաձայնության ես գալիս, պետք է հանդիպես նրա հետ, շփվես, պայմանավորվես։ Եթե ես նախագահին տեսել եմ ընդամենը մեկ անգամ ՝ 2008թ. փետրվարի 21–ին, և դրանից հետո նրան տեսել եմ դատարանում, ապա ինչպես կարող էի նրա հետ պայմանավորվել, կամ նա ինձ համոզեր, որ տապալենք սահմանադրական կարգը։ Մուշեղյանն ինձ ոչինչ չպատասխանեց։ Կանչել են որպես վկա, բայց մինչև 15 տարվա մեղադրանք են ներկայացրել»,- ասաց Խաչատուրովը։
Նա հայտարարեց նաև, որ զինվորականները 2008 թ-ի բողոքի ակցիայի օրերին օգնել են փրկել բազմաթիվ կյանքեր։ Խաչատուրովի խոսքով՝ եթե զինվորականներն այնտեղ չլինեին, զոհերը կարող էին ավելի շատ լինել։
«Դուք կարծում եք, որ մենք մարտի 2–ին հանգիստ քնե՞լ ենք։ Մենք շատ էինք անհանգստացել», - հավելեց նա։
Հիշեցնենք, որ 2008թ-ին ընդդիմությունը՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, բազմամարդ հանրահավաքներ էր անցկացնում՝ բողոքելով նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։ Բողոքի ակցիաները մարտի 1-ից 2-ը վերաճեցին ցուցարարների և իրավապահների միջև բախումների։
Ինչու են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոք ներկայացրել Վճռաբեկ դատարան