ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik․ Հայաստանի իշխանությունը երկու տարի ազգայինի ու ավանդականի դեմ արշավ է իրականացնում, որն արդեն հասել է մեծ չափերի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով դպրոցական կրթական ծրագրերի փոփոխության չափորոշիչները:
«Հայաստանում հայոց պատմության երկու հիմնական ամբիոն կա, մեկը ԵՊՀ-ում, մյուսը՝ Մանկավարժական համալսարանում, բնականաբար` նաև ակադեմիայի պատմության ինստիտուտը: Կրթական չափորոշիչների մշակման ընթացքում այս ամբիոններից որևէ մեկի կարծիքը հաշվի չի առնվել: Ո՞րն է այ ժողովրդի հայրենիքը: Հայկական լեռնաշխարհը, չէ՞: Այդ չափորոշիչների մեջ, օրինակ, Հայկական լեռնաշխարհը փոխարինվել է Արևելյան Անատոլիայով: Այսինքն՝ եթե այսպես գնա, մի օր էլ այս քայլող պարոնները կարող է Արարատը վերանվանեն Ադրիդախ՝ ոնց որ թուրքերն են ասում: Այսօր հայկական լեռնաշխարհն են ասում Արևելյան Անատոլիա, վաղը Արարատն են ասելու Ադրիդաղ, հետո՝ Երևանը՝ Էրիվան ու էդպես շարունակ»,- ասաց Շարմազանովը:
«Թուրքիայի վերջին հայկական գյուղում» պատմության ու մշակույթի թանգարան է բացվել
Բացի այդ, նրա դիտարկմամբ, նախագծում հայկական թագավորություններից հիշատակվում է միայն Անիի Բագրատունյաց թագավորությունը:
«Ի՞նչ Լոռու թագավորություն, ի՞նչ Վարանդի թագավորությւն, ի՞նչ Սյունիքի թագավորություն, ի՞նչ Արծրունիների թագավորություն: Ոչ եղել են, ոչ էլ»,- ասաց նա:
Պատմության նոր ծրագրի չափորոշիչներից, նրա խոսքով, բացակայում են նաև Առաջին աշխարհամարտի տարիներին հայ կամավորական ջոկատների կազմավորման մասին փաստերը:
«Այսինքն՝ ո՛չ Անդրանիկ է եղել էդ շրջանում, ո՛չ Նժդեհ է եղել, ո՛չ Դրո է եղել, ո՛չ Քեռի է եղել, ո՛չ Վարդան է եղել, ո՛չ Հայկ Բժշկյանց է եղել: Մինչև հիմա իրենք են եղել ու իրենց Նիկոլայը»,- ասաց Շարմազանովը:
ՀՀԿ խոսնակը նաև հայտնեց, որ նոր չափորոշիչներում Թոնդրակյան ու Պավլիկյան շարժումները չեն ներկայացվում որպես աղանդավորական, ինչը, նրա մեկնաբանմամբ, իր մեջ լուրջ վտանգ է պարունակում պետական կրոնի նկատմամբ:
ՀՀԿ խոսնակի համոզմամբ` սա ոչ թե պատահականության, այլ պետական քաղաքականության արդյունք է՝ դրսից թելադրված:
«Պատմաբանների կողմից հրապարակվեց փաստաթուղթ, որում հստակ նշվեց, որ այս չափորոշիչների հեղինակը 2017-2019թթ. Թուրքիայում Թուրքիայի և Հայաստանի պատմության դասավանդման դասագրքեր է մշակել: Ավելին՝ ըստ հավաստի լուրերի՝ այդ թուրք-հայկական համատեղ դասագիրքը կազմելու գործում անմասն չեն նաև «Իմ քայլի» մի շարք պատգամավորներ»,-նշեց նա:
ՀՀԿ խոսնակը հիշեցրեց, որ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստան այցելության ընթացքում հայտարարել էր, թե պետք է հրաժարվել «ազգային կաղապարներից», իսկ Հայաստանի «աննախադեպ իշխանությունը» դրա դեմ չէր առարկել:
Մինչդեռ այն, ինչն արևմտյան գործիչն «ազգային կաղապարներ» էր որակել, ըստ Էդուարդ Շարմազանովի` մեր ազգային արժեքներն են՝ Արցախի հարցում ազգային դիրքորոշումը, Ցեղասպանության ճանաչումը, ազգային ինստիտուտները՝ դպրոցը, եկեղեցին, բանակը, ընտանիքը և այլն:
Մարտի 1-ը դասագրքերում. մասնագետները վիճում են` ինչ գրել, դպրոցները` մնում առանց դասագրքի