ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի կողմից մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն ավարտվել են։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ ասել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։
Նախարարի խոսքով` այժմ փաստաթղթերի փաթեթ է նախապատրաստվում դեղամիջոցը գրանցելու համար։ Գրանցման վկայականը ստանալուց հետո պատվաստանյութը կսկսեն կիրառել։
Նախատեսում են պատվաստումը սկսել բժիշկներից և ուսուցիչներից։ Միաժամանակ հետևելու են պատվաստված մարդկանց առողջական ընթացքին։
Իսկ զանգվածային պատվաստումը Ռուսաստանում նախատեսում են մեկնարկել հոկտեմբերին։
Ավելի վաղ ավարտվել էին COVID-19–ի դեմ պատվաստանյութի փորձարկումները Բուրդենկոյի անվան հոսպիտալում։ Դուրսգրման ժամանակ բացառապես բոլոր կամավորները, կորոնավիուսի դեմ իմունիտետ ձեռք բերելով, իրենց լավ էին զգում։ Դրանից հետո ՌԴ պաշտպանության փոխնախարար Ռուսլան Ցալիկովը հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ առաջին ռուսական պատվաստանյութը պատրաստ է։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։
Որքան գումար է ծախսել ՀՀ առողջապահության նախարարությունը Covid-19-ի դեմ պայքարի շրջանակում
Worldometer համաշխարհային վիճակագրության կայքի օգոստոսի 1-ի տվյալներով` աշխարհում կորոնավիրուսի բացահայտված ընդհանուր դեպքերը գերազանցել են 17.7 մլն–ը։ Համավարակի զոհ է դարձել ավելի քան 683 հազար մարդ։ Վերջին տվյալներով` Ռուսաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել 845 443 մարդու մոտ։ Վարակից մահացել է 14 058–ը։