ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Չինաստանի կառավարության հետ առնչություն ունեցող հաքերները թիրախավորել են Moderna Inc կենսատեխնոլոգիական ընկերությունը, որը ԱՄՆ–ում առաջատարն է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման և ուսումնասիրությունների հարցում, հայտնում է Reuters–ը։
ԱՄՆ իրավապահ մարմինների տվյալներով` հաքերներն ուզում էին հայազգի գործարար Նուբար Աֆեյանի ընկերությունից արժեքավոր տվյալներ վերցնեին։
Անցած շաբաթ ԱՄՆ արդարադատության նախարարությունը Չինաստանի երկու քաղաքացու մեղադրել էր լրտեսության մեջ` այդ թվում նաև COVID-19–ի դեմ պայքարի բժշկական ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկություններ փոխանցելու։ Եզրակացության մեջ ասվում է, որ չինացի հաքերները «հետախուզել են» կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վրա աշխատող Մասաչուսեթսյան կենսատեխնոլոգիական ընկերության համակարգչային ցանցը։
Մասաչուսեթսում տեղակայված և հունվարի 19-ին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակման մասին հայտարարած Moderna ընկերությունը Reuters գործակալությանը ասել է, որ կապ են պահպանել ՀԴԲ–ի հետ և տեղեկացված են եղել մեղադրական եզրակացության մեջ հիշատակվող հաքերական խմբի «տեղեկատվական հետախուզության» մասին։
Կիբեռանվտանգության փորձագետների խոսքով` հետախուզական գործունեությունը կարող է գործողությունների լայն շրջանակ ներառել, այդ թվում հանրային վեբ–կայքերի խոցելիության փնտրտուք` ցանց մտնելուց հետո կարևոր նշանակության գրառումները գտնելու համար։
Ընկերության ներկայացուցիչ Ռեյ Ջորդանը հայտնել է, որ Moderna–ն բավական զգոն է կիբեռանվտանգության պոտենցիալ սպառնալիքների նկատմամբ և կապ է պահպանում ԱՄՆ իշխանությունների հետ` տեղեկության պաշտպանության համար։
ԱՄՆ-ում գիտնականները COVID-19-ի բուժման համար արդյունավետ միջոցներ են հայտնաբերել
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Moderna–ն սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլը։
Պատվաստանյութի ստեղծման նախագծին աջակցում է ԱՄՆ դաշնային կառավարությունը, որը շուրջ 500 մլն դոլար է հատկացրել և այն ընտրել որպես առաջիններից մեկը՝ կամավորների վրա լայնամասշտաբ փորձարկումներ սկսելու համար:
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բանակցում է Նուբար Աֆեյանի, ինչպես նաև պատվաստանյութի այլ հավանական մատակարարների հետ: Աշխարհում այսօր կորոնավիրուսի բուժման համար հաջողությամբ թեստավորվում է մոտ 20 քիմիական միացություն, որոնց վերջնական փորձարկումները կարող են ավարտվել 2020 թվականի վերջին կամ 2021 թվականի սկզբին: