ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Արտաքին գնաճային ճնշումներ ՀՀ տնտեսության վրա չեն եղել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով ՀՀ ԿԲ կատարած ուսումնասիրության արդյունքները, ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Նա նաև նշեց, որ 2020թ.-ի երկրորդ եռամսյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը գտնվել է ՀՀ ԿԲ կանխատեսումների շրջանակում:
«Հիմնական նվազումն արտահայտվել է շինարարության ու ծառայությունների ոլորտում: Մինչդեռ, արդյունաբերության ճյուղում նվազումը սպասվածից ավելի ցածր է եղել»,- ասաց նա։
Արդյունաբերության դրական ցուցանիշները, Մարտին Գալստյանի խոսքով, ապահովվել են հիմնականում մետաղական հանքարդոյւնաբերության շնորհիվ, քանի որ համաշխարհային շուկայում մետաղների գներն այս ընթացքում ավելի բարձր են եղել, քան կանխատեսել էին հայաստանյան մասնագետները:
«Կանխատեսման լոգիկան այստեղ պայմանավորված է COVID-19-ով: Այսինքն՝ Չինաստանում առողջապահական իրավիճակով պայմանավորված Չինաստանի արդյունաբերական հատված, և դրանով պայմանավորված պղնձի և այլ մետաղների գներ: Այս պահի դրությամբ մտավախություններ չկան, որոնք կազդեին մետաղների գների վրա: Չինաստանում այս պահին տնտեսական իրավիճակը բարվոք է, աշխարհում էլ տնտեսությունը գնում է ավելի բացման ու վերականգնման»,- ասաց Գալստյանը:
Սպասվածից ավելի փոքր չափով են նվազել նաև դրամական փոխանցումները, ինչը կարող է դրական ազդել ներքին պահանջարկի ձևավորման վրա: Դե, իսկ ներքին պահանջակը, կորոնավիրուսիով պայմանավորված, ըստ կանխատեսման, եղել ու դեռ կմնա ցածր մակարդակի վրա:
Մարտիկ Գալստյանը հույս հայտնեց, որ գնաճը ևս առաջիկայում հնարավոր կլինի կայունացնել ու պահել կանխատեսված ցուցանիշի սահմաններում:
Գալստյանը վստահեցրեց, որ հնարավոր ռիսկերի դեպքում ԿԲ-ն պատրաստ է արձագանքել ու ապահովել գների կայունությունը միջնաժամկետ հատվածում:
COVID 19-ի տնտեսական հետևանքները. ԿԲ-ն հաշվարկել է տնտեսության ու քաղաքացիների կորուստները