ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի («Շմայս») որդին` Դավիթ Մովսիսյանն ազատ է արձակվել։ Facebook–ի իր էջում տեղեկությունը հայտնում է նրա փաստաբան Գոռ Գևորգյանը։
«Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը կայացրեց որոշում, որով վերականգնվեց իմ պաշտպանյալ, նաև իմ բարեկամ Դավիթ Մովսիսյանի` Առաքել Մովսիսյանի որդու ազատության իրավունքը։ Դատարանը մերժեց կալանքը ևս երկու ամսով երկարացնելու քննիչի միջնորդությունը ։ Մերժման հիմքում դրվեց հիմնավոր կասկածի բացակայությունը, այսինքն` Դավիթ Մովսիսյանը որևէ առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքի հետ»,– նշում է փաստաբանը։
Հիշեցնենք` հունվարի 30-ին, ժամը 13:15-ի սահմանում Արցախում իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից արձակած կրակոցներից ստացած հրազենային վնասվածքից մահացել էր զինծառայող Վահրամ Մկրտիչի Ավագյանը։ Նրա մահվան գործով կալանավորվել էին 3 համածառայակիցները` Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը: