ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատները հայտարարություն են տարածել, որում անդրադարձել է վերջին օրերին ԱՄՆ-ում հայերի ու ադրբեջանցիների կազմակերպած բողոքի ակցիաներին:
Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունը դատապարտում խաղաղ հավաքների ու ցույցերի համընդհանուր սկզբունքներին ոչ համահունչ բռնության դրսևորումները։
«Միացյալ Նահանգներն ամենայն լրջությամբ է վերաբերում դիվանագիտական շինությունների պաշտպանության իր պարտավորությանը, և դրա ապահովման նպատակով մենք աշխատում ենք տվյալ վայրի իրավապահների հետ։ Խոսքի ազատությունն ու խաղաղ հավաքների իրավունքը պաշտպանված են ԱՄՆ Սահմանադրությամբ, սակայն բռնության դեպքերում համարժեք արձագանք կապահովվի իրավապահների կողմից»,- ասված է հայտարարության մեջ:
ԱՄՆ դեսպանատունը բոլոր ցուցարարներին կոչ է անում պահպանել հավաքների խաղաղ ընթացքը և հանդես բերել զսպվածություն։
Հիշեցնենք՝ վերջին օրերին Հայաստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների հետևանքով տեղի ունեցած ռազմական գործողությունների դեմ աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, հայերն ու ադրբեջանցիները բողոքի ակցիաներ են իրականացնում:
ԱՄՆ տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են իրականացվել նաև Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ: Դրանցից շատերը վերածվել են բախումների:
Հուլիսի 24-ին ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքում ադրբեջանցի վանդալները հայկական դպրոցի ու համայնքային կենտրոնի շենքերի պատերին սպառնալիքներ են գրել ու ադրբեջանական դրոշ նկարել: ՀՅԴ Հայոց ցեղասպանության հիշատակի կոմիտեն հայտարարել էր, որ դեպքի վայր ժամանած իրավապահները վանդալիզմի ակտը դիտարկում են որպես հանցագործություն՝ ատելության հողի վրա: