ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսից վարակվածներից 4–ը մահացել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Պացիենտները եղել են 89 (տղամարդ), 90 (կին), 65 (կին) և 88 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–աված է հաղորդագրության մեջ։
Նախորդ օրը արձանագրվել է մահվան մեկ դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 218 է:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 36 613–ի։
Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։
Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջիններս պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։
Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը։