ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Հայաստանի առողջապահության նախարարությունը շտապօգնության 10 մեքենա կնվիրի Արցախի առողջապահության նախարարությանը` այնտեղ բուժօգնության ծառայության որակն ավելի բարձրացնելու նպատակով։ Տեղեկությունը նախարարությունը հայտնում է Facebook –ի իր էջում։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ մեքենաները Հայաստան պետք է հասնեին դեռ մարտին, ուշացումը պայմանավորված է կորոնավիրուսային հիվանդության համավարակով:
Շտապօգնության 10 մեքենան ձեռք բերելու համար 2019 թվականի վերջին ՀՀ պետական բյուջեից 295 միլիոն դրամ է հատկացվել Առողջապահության նախարարությանը։ Ford մակնիշի մեքենաներից 7-ը գծային է, 3-ը` ռեանիմոբիլ:
Դրանք համալրված են անհրաժեշտ բոլոր սարքերով:
Հայտնի է` երբ կբարձրանան շտապօգնության աշխատակիցների աշխատավարձերը
Հիշեցնենք` ավելի վաղ էլ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ դժվար հասանելի գյուղական վայրերում կանչեր իրականացնելու համար Հայաստանի մարզերին առաջիկայում կբաշխվի 21 գծային ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա։