ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020թ. առաջին կիսամյակի հարկային հավաքագրումները:
«ՊԵԿ-ն ամբողջությամբ ապահովել է հունվար-հունիս ամիսների համար սահմանված պետբյուջեի հարկային եկամուտների 680.3 մլրդ դրամ ցուցանիշը. առաջին կիսամյակի ցուցանիշը չի թերակատարվել»,- ՊԵԿ–ի տարածած տեսանյութում ասում է կոմիտեի նախագահը:
Իսկ ինչ վերաբերում է մաքսային հավաքագրումներին, դրանք այս տարվա առաջին կիսամյակում կազմել են 123.4 մլրդ դրամ: Համեմատության համար նշենք, որ 2019 թ-ի առաջին կիսամյակում դրանք կազմել էին 160.4 մլրդ դրամ:
ՊԵԿ նախագահն այս նվազումը պայմանավորում է ավտոմեքենաների ներկրման` անցյալ տարվա բարձր ակտիվությամբ:
«Ավտոտրանսպորտային միջոցների ներկրման գծով մաքսային մուտքերը 2019թ-ին կազմել են շուրջ 25 մլրդ դրամ, ինչն այս տարի, բնականաբար, մենք չենք ունեցել»,–ասում է Հովհաննիսյանը:
Այս տարվա բյուջեի վրա բացասաբար են ազդել նաև ԱԱՀ և հիփոթեքային վարկերի տոկոսների վերադարձման գործընթացը, որն անցյալ տարվա 50.5 մլրդ դրամի փոխարեն այս տարի արդեն 65.3 մլրդ դրամ է կազմել:
ՀՀ–ում արդեն հաշվում են ծառայությունների ոլորտի վնասները. ի՞նչ պետք է անի իշխանությունը
Իսկ ինչ վերաբերում է կորոնավիրուսի համավարակին, ապա Հովհաննիսյանի խոսքով` այն իր բացասական ազդեցությունն է թողել հարկային եկամուտների հավաքագրման ցուցանիշների վրա: