ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ բացահայտվել է խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների հափշտակության և պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելու, օգտագործելու դեպքեր։
«2016-2017 թթ. Գեղարքունիքի Երանոս, Վարդաձոր և Ձորագյուղ համայնքների վարչական տարածքում 1500 հա արոտավայրից օգտվող անասուններին խմելու ջրով ապահովելու համար նախատեսված 6300 մ երկարությամբ ջրագիծ, 1 ջրընդունիչ և 1 խմոց կառուցելու համար պետբյուջեից հատկացվել է շուրջ 93 մլն դրամ: Հետագայում նախատեսված աշխատանքները չեն կատարվել, բայց գումարը յուրացվել է»,–նշված է ԱԱԾ–ի հաղորդագրության մեջ։
Պետբյուջեից հատկացումն արվել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում։ Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները, Գեղարքունիքի մարզպետարանի և ՏԻՄ պաշտոնատար անձանց հետ, կազմել և հաստատել են կեղծ կատարողական, հանձնման և ընդունման ակտեր։
Այսինքն` փաստացի չկատարված աշխատանքների դիմաց պետական և համայնքային բյուջեից անհիմն ստացել և խարդախությամբ հափշտակել են 93 մլն դրամից ավել գումար։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելը և պաշտոնատար անձանց կողմից շահադիտական դրդումներով պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելը, օգտագործելը:
Նախաքննությունը շարունակվում է։
«Կոռուպցիայի որևէ դրսևորում անարձագանք չի մնալու». ԱԱԾ պաշտոնյա է կալանավորվել. տեսանյութ