ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Պուտինի հետ աշխատանքը հաջողություն է համարում, քանի որ ինքն ամեն օր սովորելու եզակի հնարավորություն ունի՝ «սովորելու ոչ թե գրքերից, այլ իրական կյանքում»։
«Աշխարհում ամենափայլուն և ամենաազդեցիկ պետական գործչի մամուլի քարտուղար դառնալն, իհարկե, մեծ հաջողություն է»,- նշել է նա «Ավտոռադիոյին» տված հարցազրույցում։
Նա շեշտել է, որ Պուտինը շատ հստակ մարդ է, ու թեև տիրապետում է ամենանուրբ դիվանագիտական հնարքներին, չափազանց հստակ է բանակցություններ վարելիս։ Զրույցի տոնը կախված է նաև նախագահի ու նրա զրուցակցի հարաբերություններից։
«Եթե Պուտինն ինչ-որ բան է խոստանում, դա անհապաղ անում է»,- ավելացրել է Պեսկովը։
Պեսկովը 2008 թվականից Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարն է․ սկզբում՝ որպես կառավարության ղեկավարի, իսկ 2012 թվականից աշխատում է նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնում։
«2000 թվականին ԱԳՆ-ից եկա նախագահի վարչակազմ, այսինքն՝ արդեն 20 տարի է այստեղ եմ աշխատում։ Թե ինչ է ստեղծագործական ազատությունը, ընդհանրապես չգիտեի, քանի որ այն ժամանակ եկել էի արտաքին գործերի նախարարությունից, վերադարձել էի Թուրքիայում՝ Անկարայում ՌԴ դեսպանատնից», - հավելել է նա։
Պեսկովն իր աշխատանքը բեռ չի համարում։ Ասում է՝ եզակի հնարավորություն է լինել ոչ միայն Ռուսաստանի, այլև ամբողջ աշխարհի համար կենսական նշանակություն ունեցող իրադարձությունների կիզակետում։