ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Հայաստանը և Ղազախստանը նավթամթերքի մատակարարման և առևտրատնտեսական կապերի զարգացման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Տեղեկությունը հաղորդում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Համաձայնագիրը ստորագրվել է հուլիսի 16-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում, Ղազախստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանի և Ղազախստանի էներգետիկայի նախարար Նուրլան Նոգաևի կողմից։
«Կողմերը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը: Այն կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը, առևտրատնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը», - ասված է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ պահուստների կրճատման մասին հրապարակելուց հետո նավթի համաշխարհային գներն աճում են
Նշենք, որ 2018-ին Հայաստանի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառության ծավալներն աճել են ավելի քան 50%-ով և երկու տարի շարունակում են աճել։ 2018-ին ապրանքաշրջանառության ծավալները կազմել են 13,5 մլն դոլար, 2017-ին դրանք 8,9 մլն դոլար էին։
Հայաստանի և Ղազախստանի միջև մինչ օրս ստորագրվել է ավելի քան 40 փաստաթուղթ:
Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները քննարկել են առևտրատնտեսական ոլորտի հարցեր. տեսանյութ