ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտնել է, որ իրեն ՝ որպես ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ, դիմել են Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ:
Ինչպես տեղեկացնում է «Խորհրդարանական թերթը», Մատվիենկոն նշել է, որ Ռուսաստանի խորհրդարանում խիստ մտահոգված են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակով և Ռուսաստանը Երևանին ու Բաքվին կոչ է անում տարաձայնությունները լուծել բանակցությունների ճանապարհով:
«Մենք շատ մտահոգված ենք, քանի որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը մեզ համար բարեկամ երկրներ են։ Հիմա պետք չէ մեղավորներ փնտրել, ուղղակի պետք է դադարեցնել ռազմական գործողությունները», - հայտարարել է նա։
Դաշնության խորհրդի ղեկավարի խոսքով ՝ խորհրդարանական բոլոր հնարավոր ջանքերը գործադրվում են, որպեսզի հակամարտության սրությունը վերանա:
Թիրախավորված կրակոցներ չեն արձանագրվել. նոր մանրամասներ սահմանային իրավիճակի մասին
Հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 5 զոհ, 10 վիրավոր։