ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի –Sputnik. Բաքվում ադրբեջանական բանակի աջակցությանն ուղղված չարտոնված հանրահավաք–երթի հետևանքով կան ձերբակալվածներ, ոստիկաններ են ծեծի ենթարկվել։
ԵԱՀԿ–ն կոչ է արել անհապաղ վերադառնալ կրակի դադարեցմանը
Հուլիսի 14 լույս 15–ի գիշերը Ադրբեջանի մայրաքաղաքում հանրահավաք է տեղի ունեցել, որը մեկնարկել է Շեհիդների ծառուղուց («Ազատություն Ղարաբաղին» կարգախոսով)։ Այնուհետև հանրահավաքը վերածվել է ցույցի, որը վերահսկողությունից դուրս է եկել։
Քրեական գործ է հարուցվել ջարդերի, խորհրդարանի շենք ապօրինի ներխուժման և ցույցի մասնակիցների կողմից ոստիկանների վրա հարձակման փաստերով։
Ինչպես գրում է Sputnik Ադրբեջանը, դեպքի վայր ժամանած մի խումբ անձինք մարդկանց միջև խռովություն են հրահրել, խախտելով հասարակական կարգը։ Նրանք ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ քարեր և այլ առարկաներ են նետել։ Անկարգությունների հետևանքով տուժել են 7 ոստիկան, որոնք տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ են ստացել։
Բացի այդ, ցուցարարները շրջել ու վնասել են ոստիկանության երկու ավտոմեքենա, վնասել նաև 14 այլ ծառայողական մեքենաներ։