ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՌԴ գլխավոր դատախազությունը հաստատել է Խաչատուրյան քույրերի գործով մեղադրական եզրակացությունը։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է քույրերի փաստաբան Ալեքսեյ Պարշինը։
«Դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը՝ մի խումբ անձանց կողմից նախնական պայմանավորվածությամբ սպանություն կատարելը»,-ասել է նա, ավելացնելով, որ գործը կփոխանցվի դատարան։
Պարշինը նշել է, որ Խաչատուրյան քույրերից կրտսերի գործը առանձին կդիտարկվի։
«Մյուս երկուսի գործով մենք միջնորդություն ենք ներկայացրել երդվյալ ատենակալների մասնակցությամբ գործը քննելու վերաբերյալ։ Ամենայն հավանականությամբ, դատարավորությունը փակ կլինի, քանի որ գործում կան սեռական անձեռնմխելիության խախտման տվյալներ»,-ավելացրել է փաստաբանը։
Հիշեցնենք` Միխայիլ Խաչատուրյանի սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դին` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Ալտուֆյեվսկի մայրուղում գտնվող տանը։ Երեք դուստրերը, որոնք մեղադրվում են հոր սպանության մեջ, խոստովանել են հանցանքը։ Քննչական տվյալների համաձայն՝ քույրերից կրտսերը՝ 11-րդ դասարանի աշակերտուհի Մարիան, հորը դանակի մոտ 35 հարված է հասցրել։ Մյուս երկու աղջիկները՝ Քրիստինան (ավագ քույրը) և Անգելինան (միջնեկը) հարվածներ են հասցրել հոր գլխին, իսկ դեմքին գազային ցողիչ են փչել։
Խաչատուրյան քույրերի գործը կկարճվի՞. դատախազության որոշումն ու պաշտպանների ակնկալիքը
Ավելի ուշ հետմահու հոգեբանա-հոգեբուժական փորձաքննությունը հաստատեց, որ տղամարդն անձի խանգարումներ է ունեցել։ Համացանցում տեսագրություն հայտնվեց, որտեղ հայրը հոգեբանական բռնության է ենթարկում դուստրերին։ Պաշտպանական կողմը պնդում է, որ տարիներ շարունակ Խաչատուրյանը պարբերաբար ծեծել է դուստրերին, իսկ աղջիկները գործել են ելնելով անհրաժեշտ ինքնապաշտպանությունից։