ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Համացանցում է հայտնվել հայկական ԶՈւ-ի կողմից հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերից մեկի լուսանկարը։ Banak.info մասնագիտացված կայքի նախնական տվյալներով՝ սարքը Thunder-B տեսակի անօդաչու թռչող սարք է։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հայկական զինված ուժերն այս 2 օրվա ընթացքում հակառակորդի մի քանի ԱԹՍ են խոցել, այդ թվում նաև՝ կամիկաձե։
Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:
ՀԱՊԿ-ը պետք է արձագանքի ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպին․ դեսպան Տողանյան
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։
Հայկական կողմն ունի 5 վիրավոր, ադրբեջանական կողմը` չորս զոհ։