ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Մահացել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։ Տեղեկությունը Facebook սոցցանցի իր էջում հայտնել է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
«Մեր սրտերում Կարենը կմնա որպես պայքարող, ազատ ու լուսավոր մարդ։ Պարոն Վարդանյանն անգնահատելի մեծ ավանդ թողեց տեխնոլոգիական ոլորտում․ ԱՏՁՄ, Դիջիթեք էքսպո, Արմաթ լաբորատորիաներ, Դիջիթեք բիզնես ֆորում, ՏՏ համաշխարհային կոնգրես և տասնյակ այլ նախագծեր ու տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրեր ամբողջական չէին լինի առանց իր ներդրած հսկայական ջանքերի»,–գրել է Արշակյանը։
Նշենք, որ Կարեն Վարդանյանը երկար տարիներ տառապում էր երիկամի հիվանդությունից։ Վերջին օրերին նրա առողջական վիճակը վատթարացել էր, նա արյան վարակում էր ստացել։
Կարեն Վարդանյանը ծնվել է 1963թ.–ին։ Նա ԱՏՁՄ գործադիր տնօրեն էր 2007թ․-ից։
«Փաշինյանի ասած սաբոտաժի դասական օրինա՞կ». սկանդալ` նախարարի և Կարեն Վարդանյանի միջև
Մինչ այդ` 2002-2005թթ. նա աշխատել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում` որպես փոխտնօրեն, Առևտրի ու արդյունաբերության նախարարությունում` որպես ՏՏ զարգացման վարչության պետ: