Երևի կհիշեք, թե ինչպես տարիներ առաջ Հայաստան այցելելիս նա անսպասելիորեն նախօրոք չհայտարարված համերգ կազմակերպեց մեր Օպերայի մոտ՝ Կարապի լճի ափին, հետո էլ անսպասելիորեն ցատկեց ու երգը շարունակեց ջրի մեջ։ Մոտ մեկ շաբաթ առաջ Քանյե Ուեսթը շատ ավելի մեծ անակնկալ մատուցեց, հայտարարելով, որ մտադիր է մասնակցել Ամերիկայում այս տարվա նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին։
Հիմա կասեք՝ դե լավ էլի, ինչպե՞ս կարող է երգիչը, երաժիշտը երկրի բարձրագույն ղեկավար դառնալ։ Կներեք, ուրեմն մեզ մոտ՝ Հայաստանում, լրագրողը կարող է, Ուկրաինայում հեռուստաաստղը կարող է, իսկ Ամերիկայում երգիչը չի՞ կարող։ Իսկ գիտե՞ք արդյոք, որ ամերիկացի նախագահներից շատերը նաև լրջորեն զբաղվել են երաժշտությամբ։
«Ուոլ սթրիթ ջորնալ» թերթը վկայում է, որ ԱՄՆ-ի երրորդ նախագահ, Անկախության հռչակագրի հեղինակ Թոմաս Ջեֆերսոնը հենց ջութակի շնորհիվ է գերել իր ապագա կնոջը՝ Մարթա Սքելթոնին։ Բայց ինչո՞ւ հեռու գնանք. Բարաք Օբաման բազմիցս երգել է հենց Սպիտակ տանը կազմակերպված տարբեր միջոցառումների ժամանակ։ Իսկ Պրահայի կենտրոնում ինքս եմ տեսել այն ջազ ակումբը, որի մուտքի մոտ գրված էր. «Այստեղ սաքսոֆոն է նվագել Բիլ Քլինթոնը»։
Անհավանական է. քանի շիշ շամպայն է խմել Չերչիլը և որտեղ են տիեզերագնաց Արմսթրոնգի կոշիկները
Բայց վերադառնանք Քանյե Ուեսթին։ Ո՞ր կուսակցությունից է պատրաստվում մասնակցել նախագահական ընտրություններին։
Համաձայնեք` շատ հետաքրքիր հարց է, որովհետև հաջողության հասնելու համար պիտի կա՛մ դեմոկրատ, կա՛մ հանրապետական լինես։ Սևամորթները ավանդաբար դեմոկրատներին են հարում, բայց Քանյե Ուեսթը ժամանակին իր աջակցությունն էր հայտնել հանրապետական Դոնալդ Թրամփին։ Իսկ երկու օր առաջ Forbes հանդեսին տված ծավալուն հարցազրույցում Քանյե Ուեսթն ասել էր.
«Այ հենց հիմա հանում եմ այն գլխարկը, որի վրա գրված է Թրամփի կարգախոսը՝ «Մենք կրկին հզոր կդարձնենք Ամերիկան»»։
Վերլուծաբաննները, սակայն, համոզված են, որ եթե Քանյե Ուեսթի նախագահական հավակնությունները լուրջ են և նա իրոք մտնի ընտրապայքարի մեջ, շահողը հենց Դոնալդ Թրամփն է լինելու, որովհետև սևամորթ ռեփերը աֆրոամերիկացիների ձայները կխլի դեմոկրատների հիմնական թեկնածուից՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենից։
Ի դեպ, Քանյե Ուեսթն արդեն դատապարտել է Բայդենի իրոք խիստ վիճահարույց արտահայտությունը՝ «Եթե սևամորթը չի քվեարկում դեմոկրատների օգտին, ուրեմն ինքն իսկական սևամորթ չէ»։
Բոլոր հիմարությունները դեմքի խելոք արտահայտությամբ են արվում, կամ Մյունխհաուզենի սինդրոմը
Մյուս կողմից, Դոնալդ Թրամփը շատ հանգիստ է արձագանքել նախագահ դառնալու` ռեփերի մտադրությանը.
«Թող փորձի էլի»,–ասել է Թրամփը։
Ինչևէ՝ ռեփերը մտադիր է ստեղծել իր սեփական կուսակցությունը և անվանել այն The Birthday Party։ Երևի հասկանում եք, որ սա բառախաղ է, քանզի «փարթի» բառն անգլերենում նշանակում է թե՛ կուսակցություն, թե՛ երեկույթ։
Քայնե Ուեսթի բացատրությունը սա է.
«Եթե մենք հաղթենք, բոլոր ամերիկացիները կզգան, որ դա իրենց ծննդյան օրվա երեկույթի նման մի բան է»։
Համաձայնեք՝ մի քիչ տարօրինակ, բայց հաճելի բացատրություն է։
Կարելի է ասել, որ ընդամենն այսքանն է հստակ։ Նույնիսկ պարզ չէ, թե ով է լինելու Ամերիկայի ապագա փոխնախագահը, քանզի ռեփերն ինչ-որ հոգևորականի անուն է տվել, որին լայն հասարակայնությունն ընդհանրապես չի ճանաչում։ Արտաքին և ներքին քաղաքականության մասին Քանյե Ուեսթը նույնպես շատ անորոշ կերպով է արտահայտվել, ասելով միայն, որ կհամագործակցի լավագույն մասնագետների հետ և կհրավիրի նրանց Սպիտակ տուն։
Ո՞վ է կորոնավիրուսի մեղավորը. Թրամփը գիտի պատասխանը, մնացինք մենք
Ինչ կարելի է ասել։ Պարզ է ընդամենը մի բան` եթե Քանյե Ուեսթը նախագահ դառնա, կշահենք մենք ու Չինաստանը։
Չինաստանի մասին Քանյե Ուեսթն արդեն դրվատանքով է արտահայտվել, կարծիք հայտնելով, որ այդ երկիրը կորոնավիրուսի տարածման համար մեղավոր չէ և ավելացնելով. «Ես սիրում եմ Չինաստանը։ Չինաստանը փոխեց իմ կյանքը»։
Իսկ թե ինչու է Քանյե Ուեսթի նախագահ ընտրվելը շահեկան լինելու մեզ համար, կարծում եմ բացատրության կարիք չկա՝ բա աշխարհի ամենահզոր երկրի առաջին տիկինը մեր հայրենակցուհին է լինելու։