ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի –Sputnik. «Հունական որոշում» կուսակցությունն առաջարկել է Սալոնիկում գտնվող տունը, որտեղ ապրել է Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, ցեղասպանության թանգարանի վերածել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` նման հայտարարություն է արել «Հունական որոշում» խորհրդարանական կուսակցության ներկայացուցիչ Թանասիս Միլոնասը։
Միլոնասի խոսքով` Հունաստանը պետք է Թուրքիային կոշտ պատասխան տա Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի համար։
«Պատասխան, որն Անկարայում կհասկանան», – հայտարարել է Միլոնասը։
Ըստ նրա` կուսակցության դիրքորոշումն այն է, որ Սալոնիկում գտնվող թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի տուն–թանգարանը վերածվի պոնտացի հույների ցեղասպանության թանգարանի։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ սպասում է Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխման և թանգարանից այն մզկիթի վերածելու հնարավորության վերաբերյալ Պետական խորհրդի որոշմանը և կգործի` ելնելով որոշումից։ Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը` Պետխորհուրդը, հուլիսի 2-ին քննարկեց Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու մասին հարցը։
Թրամփին վատություն անել և սուրբ Սոֆիան վերածել մզկիթի. Էրդողանն իր ամպլուայի մեջ է
Պետխորհուրդը կարծում է, որ տաճարի կարգավիճակը փոխելու համար բավարար է նախագահի հրամանը։ Ակնկալվում է, որ Պետխորհրդի որոշումը կհրապարակվի 15 օրվա ընթացքում։
«Կարծում ենք, որ պետք է ուժեղ արձագանք լինի։ Դա Սալոնիկում Քեմալ Աթաթուրքի տունը (այն, որը նրա տունն են համարում) պոնտական հելլենիզմի հուշարձանի, պոնտացիների ցեղասպանության հիշատակի թանգարանի վերածելն է», – ասել է կուսակցության ներկայացուցիչը։
Նա մեջբերել է կուսակցության պաշտոնական հայտարարությունը, որտեղ ասվում է, որ միայն այդպես «բարբարոսները կկարողանան հասկանալ», նաև նշել, որ Հունաստանի կառավարությունը համապատասխան կոշտ պատասխան չի տալիս, որպեսզի Թուրքիային «տրավմայի չենթարկի»։
Հունաստանը կարծում է, որ ցեղասպանության զոհ է դարձել ավելի քան 350 հազար պոնտացի հույն։ Անկարան իր հերթին մեղադրանքները «ֆանտաստիկ» է անվանում, իսկ Հունաստանին մեղադրում քաղաքական նպատակներով «պատմական իրադարձությունների խեղաթյուրման մեջ»։
Հարցին` արդյո՞ք դա կկարողանա կանգնեցնել Թուրքիայի նախագահին, կուսակցության ներկայացուցիչը պատասխանել է. «Էրդողանն անկառավարելի քաղաքական գործիչ է»։
«Մեր կուսակցության դիրքորոշումն այն է, որ դա (Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը, – խմբ.) ոչ թե համաշխարհային, այլ զուտ երկկողմ հարաբերությունների խնդիր է, երկկողմանի թեմա։ Այն վերաբերում է ուղղափառությանը, հույներին։ Նախօրեին այդ մասին խորհրդարանում խոսել է կուսակցության ներկայացուցիչ Կիրիակոս Վելոպուլոսը», – ասել է կուսակցության ներկայացուցիչը։
«Կարծում ենք, որ Էրդողանի արձագանքն այս ուղղությամբ է, այն սադրանք է Հունաստանի դեմ», – ասել է Միլոնասը։
Սուրբ Սոֆիան ուզում են մզկիթ դարձնել. հայ ճարտարապետի վերականգնած գմբեթի տակ նամազ կհնչի՞
Սուրբ Սոֆիայի Տաճարը կառուցվել է VI դարում Բյուզանդիայի կայսր Հուստինիանոսի օրոք։ 1453 թվականին թուրքերի կողմից Բյուզանդական կայսրության մայրաքաղաքի գրավումից հետո Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվեց մզկիթի և մնաց այդ կարգավիճակում մինչև 1934 թվականը։ Այնուհետև Քեմալ Աթաթուրքի որոշմամբ մզկիթը դարձավ թանգարան։ Տաճարը համարվում է համաշխարհային ճարտարապետության նշանավոր հուշարձաններից մեկը և անկախ թանգարանի կարգավիճակից, շարունակում ընկալվել որպես քրիստոնեության մեծագույն սրբություններից մեկը։ Այն ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ–ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Թանգարանի կարգավիճակը փոխելու ծրագրերը բուռն արձագանք են ստացել աշխարհի բազմաթիվ երկրներում։