ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Հաջորդ շաբաթ Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի. այսօր տեղի ունեցած արտահերթ նիստի ժամանակ լուրը հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Հաջորդ շաբաթ, ի ուրախություն բոլորիս, կունենանք ևս մեկ արտահերթ նստաշրջան»,–ժպիտով ասաց Միրզոյանը` չմանրամասնելով, թե ինչ օրակարգով է նիստն ընթանալու։
Նշենք, որ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին որոշումներ ընդունեց։
Մասնավորապես, ԱԺ–ն ընդունեց «Ավտոմոբիլային ճանապարհների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը», «Պետական նպաստների մասին օրենքում փոփոխություններ կատարելու և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը», «Դատախազության մասին օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը»։
Նշենք, որ վերոհիշյալ օրենքներից բավական քննարկվել էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը» դրական առումով, քանի որ դրանով նախատեսվում է զոհված զինծառայողների ծնողներին ու այրիներին անվճար կրթության իրավունք տալ։
Նախագահի լիազորությունները նվազեցնելու մասին խոսք լինել չի կարող. Մակունց
Իսկ, ահա, «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններով նախատեսվում է գյուղաբնակ ծնողների նպաստն ավելացնել։ Այսինքն` սա նշանակում է, որ եթե անձը հանդիսանում է վարձու աշխատող և բնակվում է գյուղական համայնքում, ապա նրան կվճարվի երկու նպաստ: Այս տարի երկու նպաստների չափը միասին կկազմի 53 000 դրամ՝ յուրաքանչյուրը՝ 26 500 դրամ։