ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի ղեկավարն իր պաշտոնավարման տարիներին՝ 2014-2017թթ. ընթացքում, պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարել է մի շարք յուրացումներ՝ համայնքապետարանին պատճառելով խոշոր չափի՝ 2.102.445 ՀՀ դրամ գույքային վնաս: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Բացի այդ, համայնքի ղեկավարի օժանդակությամբ, 2017թ. հունվարից մինչև 2018թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում Վաղաշենի բնակիչը խաբեության եղանակով, որպես նպաստ ստացել է 712.500 ՀՀ դրամ գումար՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս»,–նշվում է հաղորդագրության մեջ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վաղաշեն համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ), 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով և 38-178-րդ հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 2-րդ կետով:
Մեղադրանք է առաջադրվել Առինջ համայնքի ղեկավարին և պաշտոնատար այլ անձանց
Համայնքին և պետությանը պատճառված վնասը նախաքննության ընթացքում վերականգնվել է:
Նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: