Արթուր Աթոյանի փոխանցմամբ՝ նախարարության ուսումնասիրություններն ու հայտարարությունը գտնվում են հակասության մեջ, նախ ասում են` հնարավոր է, կարող է, մինչդեռ կոնկրետ փաստեր ձեռք չեն բերվել, թե ինչպիսի հիմքերի առկայության դեպքում է հնարավոր արագիլների աղտոտումը ձկնաբուծարաններում: Եթե ներկայացվեն հիմնավոր փաստեր, պատրաստ են համատեղ այցերի շրջանակներում հայտնաբերել մեղավորներին ու ենթարկել պատասխանատվության՝ դադարեցնելով անօրինական գործառույթները:
«Ի՞նչ է նշանակում՝ արագիլներն աղտոտվել են ձկնաբուծարաններում: Ի՞նչ է, ձկնաբուծարանները կեղտի ու յուղի մե՞ջ են գտնվում: ՍԱՏՄ ու անվտանգություն ապահովող այլ ծառայությունները պարբերաբար մտնում են ձկնաբուծարաններ, ստուգում տարածքները, բա նրանք չե՞ն տեսնում, թե ինչ է կատարվում, չեն տեսնում, որովհետև նման երևույթներ ուղղակի չկան, ինչպիսիք ներկայացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը: Անցյալ տարվանից այդ հայտարարությունները հնչում են, սակայն մինչ օրս որևէ կոնկրետ փաստ չի հայտնաբերվել կամ ներկայացվել»,- նշում է Աթոյանը:
Նրա դիտարկմամբ՝ խոսում են Հովտաշենից, Երասխահուն և Հայանիստ գյուղերի միջակայքից, սակայն չի նշվում, թե այդտեղ որքան ձկնաբուծարան կա, արդյո՞ք աղտոտված են, թե՞ ոչ, արդյո՞ք նրանք են գետն աղտոտել: Ըստ նրա՝ Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է հստակ ներկայացնի, թե ինչ են արվում թափոնները, եթե դրանք կան: Աթոյանի տեղեկացմամբ՝ կան ձկնաբուծարաններ, որոնք ընդհանրապես թափոններ չունեն, նույնիսկ եթե անհրաժեշտություն առաջանա, կարող են իրենք թափոններ ձեռք բերել:
«Դրանք այնքան հակասություններով լի, իրարամերժ հայտարարություններ են, երևակայական ենթադրություններ, որոնց լուրջ չենք վերաբերվում: Ոչ մի նշանակալից ապացույց չի ներկայացվում հանրությանն առ այն, թե ինչ հանգամանքների առկայությամբ է տեղի ունենում արագիլների աղտոտումը: Սա պետական կառույցին, նախարարությանը անհարիր գործելակերպ է»,- նշում է նա:
Արագիլները չե՞ն աղտոտվել. տեսչական մարմնի աշխատակիցներն այցելել են «դեպքի վայր»
Աթոյանի հավաստմամբ՝ ձկնաբույծնեն իրենք շահագրգռված են, որ արագիլները և ընդհանրապես թռչունները չհայտնվեն ձկնաբուծարաններում: Նրանք բերում են բացիլներ, համարվում են վարակի աղբյուր, ինչը ձկնաբուծարանների համար կարող է ճակատագրական լինել: Մի քանի արագիլ, օրինակ, կարող են վերացնել մանրաձկան ամբողջ քանակությունը՝ տնտեսավարողին պատճառելով մեծ վնաս։ Հետևաբար ձկնաբուծարաններում տեղադրվում են խրտվիլակներ և ցանցեր, որպեսզի արագիլներին հեռու պահեն ջրավազաններից:
Նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ աղտոտված կենդանիների զգալի մասը կերի հայթայթման նպատակով իջնում է որոշ ձկնաբուծարանների տարածք, որին էլ՝ նախնական տվյալներով, կարող է հաջորդել կենդանիների աղտոտումը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այս պահին աղտոտված են Հովտաշենից Երասխահուն և Հայանիստ գյուղերի միջակայքում բնադրող արագիլների մոտ 60 տոկոսը։