ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. Չնայած առողջական որոշ խնդիրներին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է ակտիվ ու առողջ ապրելակերպ վարել։ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակվել․ այնտեղ նա լողով է զբաղվում։
Հունիսի 19-ի երեկոյան նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց ազատ է արձակվել ու տուն վերադարձել։ Հայտնի է, որ նա պետք է ավարտի իր բուժումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, որտեղ նրան վիրահատել են մայիսի 12-ին։
«Վերադարձ ակտիվ սպորտային կյանքին», - գրված է լուսանկարին կից։
Բացի այդ, երկրորդ նախագահի կողմնակիցների էջում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է նա լողով զբաղվում։
«Ռոբերտ Քոչարյանը՝ առողջ ապրելակերպի հետևորդ»,- մեկնաբանել են տեսանյութը։
Տեսանյութում երևում է, որ նախկին նախագահը բաթերֆլյայ ոճով է լողում։ Դա լողի ամենահոգնեցուցիչ ու տեխնիկապես ամենաբարդ ոճերից է։
Ի դեպ, Քոչարյանը մեկուսարանում էլ չէր մոռանում ֆիզիկական վիճակը պահպանելու մասին ու յոգայով էր զբաղվում։
Հիշեցնենք՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը հունիսի 18-ին մասնակի բավարարել էր Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին` դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ էր արձակվել 2 մլրդ դրամ գրավի դիմաց։
ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։
2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ:
Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։
Ռոբերտ Քոչարյանը խաղում է թոռնիկների հետ. փոքրիկ Դավիթը չի կարողանում զսպել էմոցիաները