ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի բնակիչ Շանքար Կուրադեն կորոնավիրուսի համավարակից պաշտպանվելու համար հատուկ դիմակ է պատվիրել՝ ամբողջությամբ ոսկուց։ ՌԻԱ Նովոստիին նա պատմել է, թե որտեղից է ծնվել ոսկեզօծ պաշտպանիչ դիմակի գաղափարը։
«Ոսկե դիմակ պատրաստելու գաղափարը մտքումս ծնվեց, երբ տեսա մի մարդու արծաթյա դիմակով։ Քանի որ ես սիրում եմ ոսկի և կրում եմ ծանր ոսկե շղթաներ, մատանիներ, որոշեցի՝ ինչո՞ւ ես էլ ոսկե դիմակ չկրեմ»,- պատմել է հնդիկ տղամարդը։
Նրա ոսկե դիմակը կշռում է մոտ 56,7 գրամ։ Դրա համար Շանքար Կուրադեն 289 հազար ռուփի է վճարել (մոտավորապես 3870 դոլար)։
Նա հավելել է, որ դիմակի մեջ շնչելու համար փոքրիկ անցքեր են արված։
«Ինչ վերաբերում է դիմակի արդյունավետությանը, մենք գիտենք, որ դիմակները բավարար չեն, դեռ պետք է սոցիալական հեռավորություն պահպանել։ Այդ պատճառով ոսկե դիմակով փողոց դուրս գալիս ես նույնպես պատշաճ կերպով հետևում եմ հեռավորության պահպանմանը»,- նշել է Կուրադեն։
Իրանն անցնում է «դիմակային ռեժիմի». կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է
Նրա խոսքով ՝ դիմակը գրավել է տեղի բնակիչների և լրատվամիջոցների ուշադրությունը։
«Ես հայտնվեցի ուշադրության կենտրոնում, երբ ոսկե դիմակով փողոց դուրս եկա։ Չնայած իմ ընտանիքի ոսկով հետաքրքրվելը հայտնի է այս տարածաշրջանում, ոսկե դիմակը բոլորովին նոր բան է, այդ պատճառով էլ մարդկանց հետաքրքիր է», - հավելել է նա։
Նշենք՝ Հնդկաստանը կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում երրորդ տեղում է՝ «զիջելով» միայն ԱՄՆ-ին և Բրազիլիային։
Worldometers կայքի հուլիսի 5-ի տվյալներով՝ երկրում կորոնավիրուսով վարակվել է 695 396 մարդ. նրանցից 423 001-ն ապաքինվել են, 19 692 -ը՝ մահացել։