ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Վանաձորում սպանության փորձ է կատարվել 28–ամյա երիտասարդի նկատմամբ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն, Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Վանաձորում տեղի ունեցած սպանության փորձի բոլոր հանգամանքները։
Նախնական տվյալներով՝ 2020թ. հուլիսի 3-ին` ժամը 03:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Պարույր Սևակի շենքերից մեկի դիմաց ենթադրյալ հանցագործը Վանաձոր քաղաքի 28-ամյա բնակչին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել վերջինիս ուղղությամբ` պատճառելով մարմնական վնասվածք։ Նա, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներում, հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցրել, քանի որ 28-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց և բուժօգնություն ստացել:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով, կազմվել է քննչական խումբ:
Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, առգրավումներ, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ, հարցաքննվել վկաներ:
Սարսափելի սպանություն Մոսկվայում. կինը Վյաչեսլավ Զայցևի մոդելներից էր
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: