ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ հուլիսի 1-ին, հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Ռայմունդաս Կառոբլիսի հետ։
Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը, ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել լիտվացի գործընկերոջը՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում Լիտվայի կառավարության կողմից Հայաստանին օգնության տրամադրման հարցում Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության և անձամբ նախարար Կառոբլիսի աջակցության համար:
Լիտվայից ուղարկված հումանիտար օգնությունն ու բժիշկ- մասնագետների խումբը ՀՀ են տեղափոխվել Լիտվայի ռազմաօդային ուժերի օդանավով։
Դավիթ Տոնոյանը նշել է, որ լիտվական կողմի այդ գործողությունները վկայում են երկու երկրների և ժողովուրդների միջև առկա ջերմ, բարեկամական հարաբերությունների մասին։
Որոշ բժիշկներ Հայաստան են եկել սեփական նախաձեռնությամբ և ոչ թե ԱԳՆ-ի հրավերով. Ադոնց
Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում հայ լիտվական համագործակցությանն առնչվող հարցեր, կարևորել համագործակցության շրջանակներում պլանավորված, սակայն համավարակի պատճառով առկախված միջոցառումների վերսկսումը և համոզմունք հայտնել, որ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված խոչընդոտների հաղթահարումից հետո կվերսկսվի նաև բարձր մակարդակով ռազմաքաղաքական երկխոսությունը։