ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Վրաստանում գտնվող և ընդունելության համար ՀՀ բուհեր դիմած անձինք կարող են առանց խոչընդոտի սահմանված ժամկետում հատել վրաց-հայկական սահմանը։ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Վրաստանի համապատասխան գերատեսչությունների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի՝ հուլիսի 1-ից դիմորդներին կթույլատրվի հատել սահմանը` հուլիսի 2-8-ը ընդունելության միասնական քննություններին մասնակցելու համար։ Դեսպանությունը զգուշացնում է՝ վրացական անձնագրի առկայությունը պարտադիր է:
«Վրաստանից Հայաստան և նաև հակառակ ուղղությամբ կարելի է մուտք գործել միայն Սադախլո-Բագրատաշեն անցակետով՝ ժամը 10։00-18:00 ընկած ժամանակահատվածում։ Համաձայն ՀՀ պարետի թույլտվության՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո դիմորդների նկատմամբ չի կիրառվի 14-օրյա ինքնամեկուսացման պայմանը»,- նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Հայաստանում դիմորդները ստիպված չեն լինի ինքնամեկուսանալ, բայց Վրաստան վերադառնալու դեպքում նրանք կտարվեն կարանտինային գոտի՝ համաձայն Վրաստանում գործող կանոնների:
Դեսպանությունը հորդորում է դիմորդներին շտապ համապատասխան հստակ տեղեկություններ ներկայացնել այն մասին, թե երբ են դիմորդները ծրագրում հատել վրաց-հայկական, ապա նաև հայ-վրացական սահմանը։
Տեղեկությունն անհրաժեշտ է ուղարկել info@atc.am էլեկտրոնային փոստի հասցեով կամ +37410 57 63 96 հեռախոսահամարով զանգահարելով։
Միաժամանակ դեսպանությունից տեղեկացնում են, որ հարցերի կամ լրացուցիչ տեղեկության համար դիմորդները կարող են կապ հաստատել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի աշխատակից Գայանե Գևորգյանի (բջջ. +37494 120 120) կամ Թերեզա Հալաջյանի (բջջ. +37443 517 518) հետ:
Դեսպանությունից ընդգծում են՝ դիմորդներն արդեն ցուցակագրվել են, և սահմանը կկարողանան հատել միայն նրանք։