ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Հայ երգչուհի Մերի (Մաշա) Մնջոյանն իր հզոր ձայնով ու հիանալի կատարումներով շարունակում է գերել նաև ավստրալացիների սրտերը։ Նա «Ավստրալիայի ձայնը» երաժշտական նախագծում ժյուրիին և հանդիսատեսին առաջին անգամ ցնցեց «կույր լսումների» ժամանակ։ Հիմա հերթը «մենամարտ» փուլինն էր։ Այստեղ հայ երգչուհին երաժշտական ռինգ դուրս եկավ` երգչուհի Էլլա Մոներիի հետ «մենամարտելու»։
Աղջիկները միասին երգեցին Արետա Ֆրանկլինի կատարմամբ լեգենդար դարձած «Respect»–ը։
Ժյուրիի անդամները հիացան աղջիկների կատարմամբ. հանդիսատեսն ու ժյուրին բավականին երկար հոտնկայս ծափահարեցին նրանց։ Էլլայի և Մաշայի մարզիչը՝ մենթոր Քելի Ռոուլենդը, դժվար ընտրության առաջ հայտնվեց։ Ու չնայած Մաշայի հիանալի կատարմանը՝ նա ընտրեց Էլլային։ Բայց «Ձայնի» մյուս աստղային մարզիչը՝ հայտնի երգիչ Բոյ Ջորջը, «փրկեց» Մաշային և հաջորդ փուլ անցնելու հնարավորություն տվեց նրան։
«Ինչպիսի կրակոտ փորձառություն իմ երկվորյակի հետ։ Անհամբերությամբ սպասում եմ, թե ինչ է լինելու հետո»,- Facebook-ի իր էջում գրել է Մաշան և Էլլայի հետ լուսանկար հրապարակել։ Նա նաև շնորհակալություն է հայտնել իր մենթոր Քելիի Ռոուենդին ու նաև Բոյ Ջորջին՝ իրեն «փրկելու» համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մաշա Մնջոյանը գրավել է «Ավստրալիայի ձայնը» շոուի ժյուրիի բոլոր անդամների սրտերը։ «Կույր լսումների» ժամանակ շրջվել էին ժյուրիի բոլոր չորս անդամները։
Մաշան կատարել էր Էրիկ Կարմենի «All by myself» երգը, որը հայտնի է դարձել Սելին Դիոնի երգացանկում տեղ գտնելուց հետո։ Ելույթի վերջում ավստրալական «The voice»-ի ժյուրին հայ երգչուհուն հոտնկայս էր ծափահարում։
Հիշեցնենք, որ 2013 թվականին Մաշան դարձավ «Հայաստանի ձայնը» հեռուստատեսային նախագծի հաղթող։ Իսկ դրանից մեկ տարի առաջ Մոսկվայում «Նոր ալիք» երգի մրցույթի կիսաեզրափակիչ էր հասել։
Հայերենը, մեքենաները, աղջիկները. ի՞նչ են քննարկել բլոգեր Ադամյանն ու Բուզովայի հայ ընկերը
Այժմ Մաշան սովորում է Ավստրալիայում։ Նա առաջին անգամ այդ երկիր է այցելել 2014 թ․-ին հայ երգիչների խմբի հետ։
Երգչուհին ծնվել է 1995 թ-ին Գյումրիում։ 2017-ին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան։ Մաշան բազմաթիվ միջազգային երաժշտական մրցանակների դափնեկիր է։
«Լուրջ գրքասեր է». ինչ է կարդում Անաստասիա Ստոցկայայի 9-ամյա որդին` Ալեքսանդր Աբգարյանը