ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 482–ով և դարձել 25 127։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 11 254 մարդ, կատարվել է 110 571 թեստավորում, առողջացել են վարակվածներից 13 297ը։ Գրանցվել է մահվան 433 (+7) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 143 (+4)։
Հունիսի 28-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 24 645 էր:
Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է։ ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հուլիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։
«Այս իրավիճակից դուրս գալու այլ ելք չկա. պարզապես չկա». Թորոսյանը գրառում է արել
Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։
Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։
Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։