ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքննությունների բաժանմունքի պետ Արմեն Ամիրաղյանին մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը։
«Պարզվել է, որ Ամիրաղյանը 2020թ.-ի մարտի 24-ին որպես փորձագետ մասնակցել է Վանաձորում նույն օրը տեղի ունեցած հրազենի գործադրմամբ երկու և ավելի անձանց սպանության փորձի առթիվ դեպքի վայրի զննությանը: Զննության ավարտից հետո դեպքի մասնակից Ա. Պ.-ի հայրը, որն Ամիրաղյանի հետ մտերիմ է, ասել է, որ որդուն պատկանող որսորդական հրազեններից նույնպես կրակվել է, սակայն խնդրել է այդ փաստը չբացահայտել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Քաղաքապետարանի նախկին պաշտոնյան ապօրինի հողամաս է օտարել նախկին պատգամավորի դստերը
Ամիրաղյանը խարտոցով ձևափոխել է հանցագործության գործիք հանդիսացած հրազենների զարկանները, ինչի հետևանքով նշված դեպքի առթիվ հարուցված քրգործով վարույթն իրականացնող մարմնի համար առաջացել են խոչընդոտներ։
Ամիրաղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 334-րդ (հանցագործությունը պարտակելը) հոդվածների 1-ին մասերով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: