16-րդ դարի Սուրբ Մարինոս վանքը գանձախույզների կողմից տարիներ շարունակ ավերվել է ու գտնվում է անմխիթար վիճակում։ Բագրատ Էստուկյանի փոխանցմամբ` արդեն սովորական է դարձել, որ Թուրքիայում գանձախույզները պատմամշակութային կոթողների հիմքերը փորելով` գանձեր են փնտրում այդ տարածքներում և զգալի վնաս հասցնում կառույցներին, հետևաբար Կարո Փայլանը բարձրաձայնեց խնդրի մասին և այն բերեց խորհրդարանի օրակարգ։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Վան նահանգում կատարվել է հայերի կառուցած վանքերի, եկեղեցիների և մշակութային կոթողների գույքագրում, Էստուկյանը նշեց, որ որոշ կոթողների ցանկ ներկայացրել է Թուրքիայի մշակույթի նախարարությունը, նման գործունեությամբ զբաղվել են հասարակական կազմակերպությունները ևս։
«Օրինակ` «Հրանտ Դինք» հիմնադրամը նույնպես իրականացրել է նման աշխատանք, և արդեն կան որոշակի տվյալներ։ Ցանկագրման համաձայն` կոթողների մի մասը կիսավեր վիճակում է, որոշներն էլ արդեն վերածվել են փլատակների, մնացել են միայն առանձին բեկորները»,– ասաց է «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագրապետը։
«Մենք նման ենք մոլորված որբ երեխաների». Դերսիմի հայերը բացահայտում են իրենց արմատները
Էստուկյանի խոսքով` Թուրքիայի պատկան մարմինները բնավ ցանկություն չունեն գտնել և պատժել գանձախույզներին, որոնք իրենց արկածախնդրությամբ վնաս են հասցրել հայկական վանական համալիրներին ու կոթողներին։ Ընդհակառակը` այդ հարցում ցուցաբերվում է համատարած անտարբերություն։ Թեև գանձախուզությունը հանցավոր գործունեություն է, սակայն այդ հանգամանքի վրա ոչ ոք, բացի տարածաշրջանի բնակիչներից, ուշադրություն չի դարձնում։
Միրանը համբուրում է Մայր տաճարի դուռը, բայց չի խաչակնքվում. ինչո՞ւ է նա պահպանում Անին
«Մերթընդմերթ բնակիչներն են պայքարում գանձախույզների դեմ` այդ մասին տեղեկացնելով անվտանգության ծառայության աշխատակիցներին, սակայն պետական մակարդակով հարցին լուծում չի տրվում։ Ցավոք, Վանում այժմ հայկական համայնք չկա, հայկական սակավաթիվ բնակավայրեր կան Կիլիկիայում, Սասունում, Դիարբեքիրում, որտեղ վերանորոգվեց Ս. Կիրակոս եկեղեցին, հետևաբար տեղի հայեր ասելով` նկատի ունենք հիմնականում պոլսահայությանը»,– նշեց խմբագրապետը։
Էստուկյանը ցավով արձանագրեց այն հանգամանքը, որ Պոլսո պատրիարքարանը խնդրով անմիջականորեն չի զբաղվում` ասելով, որ այդ եկեղեցիներին տեր կանգնելու նյութական հնարավորություններ չունի։ Ըստ այդմ` եթե նույնիսկ Թուրքիայի կառավարությունը համայնքին վերադարձնի այդ եկեղեցիները, ապա դրանք պահպանելու համար նույնիսկ ի վիճակի չեն լինի վարձատրել պահակներին։
Ըստ խմբագրապետի` տասնամյակներ շարունակ Թուրքիան պետականորեն իրականացրել է հայկական մշակութային հետքերը վերացնելու քաղաքականություն, սակայն այսօր հանրության շրջանում հետզհետե առաջ է գալիս սեփական մշակութային ժառանգությանը տեր կանգնելու գիտակցումը։
Արևմտյան Հայաստանի ծպտյալ հայերը. ինչն է նրանց ավելի ինքնավստահ և ուժեղ դարձնում