ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված հանրային իրազեկման աշխատանքներ իրականացրած լրատվամիջոցներն իրենց եթերաժամանակի դիմաց մինչ օրս հատուցում չեն ստացել:
Այս մասին հայտնի է դառնում կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշումից, որով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 76,5 մլն դրամ է հատկացվել ՀՀ Վարչապետի աշխատակազմին՝ հանրային իրազեկման արշավին ներգրավված լրատվամիջոցներին փոխանցելու համար:
Պարզվում է, որ 2020թ-ի մարտ ամսից կառավարության պատրաստած տեսահոլովակներն ու ձայնային հավելվածները հեռուստաընկերություններն ու ռադիոընկերությունները հեռարձակել են կամավոր` առանց կառավարության և պարետատան պարտադրանքի կամ հրահանգների, ինչի հետևանքով նվազել են հեռարձակողների գովազդային եկամուտները և վերջինները «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությանը պարտքեր ունեն։
«Խնդրում եմ` դիմակը վերցրեք ու դրեք»․ նախարարներն ու մարզպետները դուրս են եկել ֆլեշմոբի
Կառավարութունն էլ որոշել է պարտքերի մի մասը մարելու համար իր կողմից որպես աջակցություն տրամադրել 76.5 մլն դրամ:
Ընդ որում, հանրապետության տարածքում սփռվող 5 հեռուստաալիքները՝ «Հ2», «Արմենիա», «Շանթ», «Երկիր մեդիա», «Կենտրոն», այդ գումարից կստանան 10-ական մլն դրամ, Երևանի տարածքում սփռվողները՝ 2.5 մլն, մարզային հեռուստաընկերություններն ու բոլոր ռադիոընկերությունները՝ 500 հազարական դրամ: